Սիրիան կարող է ստեղծել կենսաբանական զենք. ամերիկյան հետախուզության ղեկավար
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի վարչակարգը դեռևս ունակ է արտադրել զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ)՝ չնայած քիմիական զենքից նրա հրաժարվելուն: Այս մասին Սենատի հետախուզության հանձնաժողովի նիստում հայտարարել է ամերիկյան հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը.
«Մեր գնահատականներով՝ Սիրիայում բավական առաջ կարող են գնացած լինել ռազմական կենսաբանական ծրագրի մի շարք տարրեր: Գիտահետազոտական փուլից հետո այդ ծրագիրը դուրս է եկել այնպիսի մակարդակի, երբ կարելի է արտադրել սահմանափակ խմբաքանակով զենք»:
Կլեպերը մանրամասնել է, որ սիրիական կենսաբանական ծրագիրը զարգացել է այնքան երկար, որ ոչ մի կերպ չի կարելի բացառել այդպիսի հնարավորությունը: Կլեպերը, սակայն, չի ներկայացրել իր խոսքերի վերաբերյալ կոնկրետ ապացույցներ: