Բաժիններ՝

Այս տարի Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է մինչև 1000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի անվտանգության ուժերը «Աս-Սահվա» սուննի աշխարհազորի հետ երեկ զինյալներից ազատագրել են Սիրիային սահմանակից Անբար նահանգի արևմտյան առանցքային շրջանը: Այս մասին երեկ հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Մուհամմեդ ալ-Ասկարին:

Նրա խոսքերով՝ կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են առել Ռամադի քաղաքից հյուսիս ընկած հենակետը, որը մինչ այդ գտնվում էր «Ալ-Քաիդայի» հետ կապված «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականների վերահսկողության տակ:

Կառավարական զորքերը զինյալներին դուրս են մղել նաև Բաղդադից 60 կիլոմետր դեպի արևմուտք ընկած Էլ-Ֆալուջա քաղաքի արևմտյան ծայրամասերից՝ ձերբակալելով 13 ահաբեկչի:

Միևնույն ժամանակ Բաղդադի հյուսիս-արևմտյան Էլ-Ջավադեյն շիական թաղամասում պայթեցվել է պայթուցիկով լեցուն երկու ավտոմեքենա: Դրանց հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, կան բազում վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հունվարին Իրաքում բռնությունների հետևանքով զոհվել է 850 մարդ:

Iraq Body Coun իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ այդ ցուցանիշը կազմում է 1000 մարդ: 2013 թվականին Իրաքում բռնությունների մակարդակը հասել էր վերջին 5 տարվա ամենաբարձր մակարդակի: ՄԱԿ-ի տվյալներով՝ նախորդ տարի Իրաքում զոհվել է մոտ 9000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս