Նոր խթան հայ-իտալական համագործակցության զարգացման համար
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին /նստավայրը` ք. Մոսկվա/:
Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել: Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում:
Իտալական կողմը նշեց, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության և փորձի մասին և ակնկալում են համատեղ առաքլությունը սկսել մոտ ապագայում: Այս առաքելությունը նոր խթան կհանդիսանա այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարություն