Չեմ հավատում այն քաղաքական ուժերին, որոնք իրենց վրա կրում են կոմպրոմատային բեռներ, ինչպես, ասենք՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն. Երջանիկ Աբգարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանի հետ

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ըստ էության, կասեցրեց ժամանակավորապես: Արդյո՞ք ընդունված այդ որոշումը շարժումը «քնեցնելու» համար էր:

– Ավելի շուտ՝ ձգձգելու համար, ինչպես միշտ, որպեսզի ավելի «հանգիստ պայմաններում» հայտարարի «ո՛չ նալին, ո՛չ պայտին խփելու» ձևակերպումով՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների դիմումը մերժելու իր որոշումը: Այդ շարժումը քնեցնելը ներկայումս քիչ հավանականություն ունի, և հասարակական տարաբնույթ խնդիրների առկայությունն ու բազմացումն անուղղակիորեն  բացառում են դա: Կարծում եմ, որ դա ավելի շուտ տվյալ հարցի սրվածությունը պակասեցնելու համար է:

– Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միավորվեց նաև ընդդիմությունը, մասնավորապես՝ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ միավորվեցին այս ուժերը հենց ա՛յս խնդրի շուրջ, ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում:

Կարդացեք նաև

– Այս հարցը պետք է ուղղել այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այդ ուժերի համար կարող էր երկրորդական նշանակություն ունենալ մի օրենք, որի խնդրահարույց լինելը և ժամանակային առումով հասունացած չլինելն  էլ ավելի է վատթարացնում մեր ժողովրդի ներկայիս՝ առանց այդ էլ անմխիթար, սոցիալական դրությունը:

– Այս միավորումն ապագա ունի՞, թե՞ սա ժամանակավոր համախմբում է:

– Ես, անկեղծ ասած, այդպիսի միավորում չեմ տեսնում: Այո՛, լինում են այդպիսի մարտավարական արտահայտություններ նրանց գործունեության մեջ, ինչպես տվյալ պարագայում, բայցև չպետք է աչքաթող անել այդ քաղաքական ուժերի կոնկրետ նպատակների և գաղափարախոսական լրջագույն տարբերությունները, որոնք թույլ չեն տալիս նրանց միավորվել ռազմավարական նշանակություն ունեցող հարցի կամ հարցերի շուրջ:

Իմ կարծիքով՝ ներկա ընդդիմադիր ուժերի  գլխավոր խնդիրը տարիներ շարունակ մնում է նույնը՝ միավորվել բացառապես միմիայն երկու հարցերի շուրջ. տապալել Ս.Սարգսյանի գլխավորած ներկա հակաժողովրդական, հակապետական և հակազգային դավաճանական վարչախումբը և  փոխադարձ պարտավորություններ ստանձնել՝ երկրում անցկացնելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

Դժբախտաբար, դեռ այսօր էլ, երբ բոլորիս աչքի առջև մեր երկիրը կորցնում է իր անկախությունը, այդ  ուժերից ոմանք դեռ շարունակում են իրենց «կառուցողական ընդդիմություն» կամ, որ նույնն է՝ «այլընտրանք» հորջորջել, ինչն այսօր հավասարազոր է թալանչի և ազգակործան իշխանության հետ համագործակցության մասին հայտարարությանը:

Ես վատատես եմ այդ ընդդիմության ապագայի վերաբերյալ և ավելի հակված այն եզրահանգմանը, որ առաջիկա նոր իրողությունների պայմաններում այդ կուսակցություններին «կապող» տարաբնույթ հանգամանքները կվերանան, և  նրանք կհայտնվեն այն բևեռներում, որոնք իրենց «բնական» տեղն են: Իսկ ընդհանրապես, ես չեմ հավատում այն քաղաքական ուժերին, որոնք իրենց վրա կրում են կոմպրոմատային բեռներ, ինչպես, տվյալ դեպքում, ասենք՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն:

– «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն օրերս 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ոչ իշխանական այդ չորս ուժերը «խաղում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խաղը»: Այդպե՞ս է:

– Այդ կապակցությամբ վերջին տարիներին «Առավոտ» օրաթերթում ես երկու անգամ արտահայտել եմ իմ կարծիքն այն մասին, որ այդ անձն ավելի շուտ իր ծոծրակը կտեսնի, քան՝ վերադարձն իշխանություն: Որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այդ անձի նկատմամբ համակրանք են դրսևորում՝ բոլորն են ականատես և ականջալուր: Սա փաստ է, որը դատողությունների համար հիմք է հանդիսանում: Այս կապակցությամբ այլ փաստերի ես չեմ տիրապետում:

– Կարծիքներ կան, որ Ռ. Քոչարյանը ոչ իշխանական ուժերի միասնական թեկնածու է դառնալու, ընդդիմության միասնական առաջնորդ: Հավանական համարո՞ւմ եք այս տարբերակը:

Բացարձակապես ո՛չ: Այդ անձից ձեռք են քաշել նույնիսկ նրա տերերը՝ ռուսները: Նկատե՞լ եք, երբ վերջին ժամանակներս այդ անձը փորձում է իր «հայտարարություններով» ու «հարցազրույցներով» հանրության ուշադրությունն իր վրա հրավիրել, անմիջապես ռուսական մամուլում հայտնվում են նրա բազմաբնույթ քրեական գործունեության վերաբերյալ մեղադրանքների փաստական տվյալների տրցակներ: Իհարկե, կլինեն մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք ինքնաստորացմամբ լավ են ապրել նրա ձեռքի տակ, բայց դա չի նշանակում, թե դրանով կարող են լվացվել Մարտի 1-ի զոհերի, Պողոս Պողոսյանի և այլոց արյամբ նրա՝ մինչև ուսերը  թաթախված ձեռքերը:

Տեսանյութեր

Լրահոս