Ամերիկյան հատուկ ծառայությունները Angry Birds խաղի միջոցով տիրել են մարդկանց անձնական տվյալներին
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ բջջային հեռախոսների ու պլանշետների համար նախատեսված Angry Birds հանրաճանաչ խաղն ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել է անձնական տվյալները հավաքելու համար:
Այս մասին վկայել են ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Դրանցում խոսք է գնում նաև բջջային մի շարք այլ հանրաճանաչ հավելվածների մասին, որոնք հատուկ ծառայությունների համար մատչելի են դարձնում մարդկանց անհատական տվյալները հավաքելը:
Angry Birds-ից բացի, հատուկ ծառայություններին նման հնարավորություն ընձեռել են Google Maps քարտեզագրման ծրագիրը, Facebook, Twitter և LinkedIn սոցցանցերից բջջային հեռախոսներով օգտվելը, ինչպես նաև Flickr ֆոտոհոսթինգի հավելվածը:
Ամերիկյան հատուկ ծառայություններն այդ ծրագրերի խոցելիության շնորհիվ կարողացել են տեղեկատվություն ստանալ օգտատիրոջ տարիքի ու սեռի, ընտանեկան դրության, գտնվելու վայրի, ինչպես նաև ընկերների ցանկի ու սմարթֆոնի մոդելի մասին:
Սմարթֆոնի օպերացիոն համակարգը որևէ նշանակություն չի ունեցել հատուկ ծառայությունների համար: Փաստաթղթերում վստահեցվում է, որ հնարավոր է եղել տեղեկատվություն ստանալ ինչպես iPhone-ների օգտատերերի, այնպես էլ Android-սմարթֆոնների օգտատերերի մասին: