ԱՄՆ-ը Ճապոնիայից պահանջել է վերադարձնել պլուտոնիումի պաշարները
Global Post-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Տոկիոյից պահանջել է վերադարձնել ավելի քան 300 կիլոգրամ պլուտոնիումը, որը պիտանի է ռազմական նպատակներով գործածման համար: 331 կիլոգրամ պլուտոնիումը ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից Ճապոնիա է ներկրվել «Սառը պատերազմի» տարիներին:
Դրանից կարելի է պատրաստել 40-50 միջուկային մարտագլխիկ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է տվյալ հարցով Ճապոնիայի հետ վերջնական համաձայնության գալ միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովի ժամանակ, որը մարտին անցկացվելու է Նիդերլանդներում:
Վաշինգտոնը փորձում է ռադիոակտիվ մետաղի պաշարները վերցնել իր վերահսկողության ներքո, քանի որ վախենում է, որ դրանք կարող են ընկնել ահաբեկիչների ձեռքը: Ակնկալվում է, որ Տոկիոն կկատարի Վաշինգտոնի պահանջը:
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը չի ցանկացել վերադարձնել պլուտոնիումը, քանի որ այն ակտիվորեն հետազոտությունների համար օգտագործվել է Տոկայմուրա գիտական կենտրոնում՝ թեև երկրում դեռ առկա է ռադիոակտիվ այդ մետաղի ևս 44 տոննա պաշար, որը բերվել է արտերկրից: