ԵՄ-ն ուկրաինական ընդդիմությանը կոչ է արել հավատարիմ մնալ բողոքի ակցիաների խաղաղ բնույթին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ուկրաինական ընդդիմությանը կոչ է արել հավատարիմ մնալ բողոքի ակցիաների խաղաղ բնույթին և ձերբազատվել նրանցից, ովքեր բռնություններ են գործադրում՝ իրենց նպատակներին հասնելու համար:
Այս մասին նշված է Ուկրաինայում ԵՄ-ի առաքելության ղեկավարի տարածած հայտարարությունում, ինչը հրապարակվել է Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության Facebook-յան պաշտոնական էջում:
ԵՄ-ը նաև ողջունել է ոչ վաղ անցյալում իշխանության ու ընդդիմության միջև բանակցությունների անցկացումը. «Մենք իշխանություններին կոչ ենք անում կատարել իրենց խոստումները և հայտարարությունները, որոնք արվել են ընդդիմության հետ բանակցությունների համատեքստում: Բանակցությունները պետք է շարունակվեն»:
Հայտարարությունում մտահոգություն է հայտնվում, որ Ուկրաինայում վատթարացել է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը. «Հիվանդանոցների մոտ վիրավորների ձերբակալությունները, անհետացման մի շարք դեպքերը և կտտանքները հարուցում են բավական մեծ մտահոգություն:
Այդ հանցագործություններում մեղավորները պետք է անհապաղ ենթարկվեն պատասխանատվության: Այդ պրակտիկայի կասեցումը հանդիսանում է անհրաժեշտ պայման՝ իշխանությունների ու հասարակության միջև վստահության ամրագրման համար»: