Էնվեր փաշայի թոռը «հեքիաթ» է որակել Հայոց ցեղասպանությունը

Թուրքական Türkiye‎ թերթի փոխանցմամբ՝  Օսմանյան կայսրության անկման շրջանում ազդեցիկ ռազմական ու քաղաքական գործիչ Էնվեր փաշայի թոռ Օսման Մայաթեփեքը «հեքիաթ» է որակել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Նա ընդգծել է, որ «սխալ» է այդ հարցի դիտարկումը միայն հայ-օսմանյան հարթությունում, քանի որ «դա կազմել է» ավելի մեծ խաղի մասը. «Ռուսաստանն ու Անգլիան քրիստոնյա փոքրամասնություններին պաշտպանելու քողի ներքո սկսեցին հրահրել հայերին: Նրանք ասացին, որ հայերին կտան անկախ երկիր:

Դժբախտաբար, մեր հայ քաղաքացիներն անսացին այդ ամենին և զինված ապստամբություն բարձրացրին: Երկու կողմի մոտ էլ շատ աղետալի իրադարձություններ գրանցվեցին: Սակայն դա ցեղասպանություն անվանելը կատարելապես սխալ է»:

Ապա Էնվեր փաշայի թոռը նենգաբար ստել է հերթական անգամ՝ հայտարարելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական «200.000-անոց բանակը» ռուսական բանակի հետ միասին պատերազմել է թուրքական բանակի դեմ (փոխարենը նա «մոռացել» է հայտարարել, որ թուրքական բանակի հայ զինվորները Կարնո ճակատում գերի ընկնելու վտանգից փրկել են նրա պապուն՝ ռազմական նախարար Էնվեր փաշային, ով այդ առիթով գովեստի խոսք ու շնորհակալագիր է հղել Պոլսո Հայոց Պատրիարք Զավեն Տեր-Եղիայանին – 168.am):

Էնվեր փաշայի թոռը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մեղադրել է Հայկական սփյուռքին, ով նրա կարծիքով՝ այդ «հեքիաթը» հնարել է՝ իրենցից գումար կորզելու նպատակով: Մայաթեփքը վստահ  է, որ բարեկեցիկ վիճակում գտնվող Սփյուռքը «խոչընդոտում» է Թուրքիայի ու նրա հարևան, ծով չունեցող, շրջափակված Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և առևտրային ու մշակութային կապերի զարգացմանը: Մայաթեփեքը վերջում նշել է. «Հայերը մեծ ազգ են»:

Տեսանյութեր

Լրահոս