Մինսկի խմբի համանախագահների «հավասարակշռված մոտեցումը» մեղսակցություն է Ադրբեջանի գործողություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսպես կոչված «հավասարակշռված մոտեցումը» մեղսակցություն է Ադրբեջանի գործողություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարություն արեց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը` անդրադառնալով  Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:

Ըստ նրա` Մինսկի խմբի համանախագահողները, ովքեր նախորդ ուրբաթ Փարիզում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, կրկին ճիշտ որակում չեն տալիս Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցած իրադարձություններին և Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:

«Իրենց այդ իբր հավասարակշռված մոտեցմամբ իրականում ինչ-որ տեղ խրախուսում են Ադրբեջանին, որ իր այդ խափանարար քաղաքականությունն այնքան էլ անընդունելի չէ, և նա միշտ էլ կարող է նման հանդիպումների նախօրեին այդպիսի քայլերի դիմել և իրականում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով` ղարաբաղյան բանակցություններն այս ձևով շատ հեռու չեն կարող գնալ:

«Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիիրավ կողմ, մասնակցի բանակցություններին: Միջնորդ կողմերը դա պետք է ապահովեն,որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ չի կարող երկար իր այս վարքագիծը պահել»,- ավելացրեց Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը:

Հարցին, թե ի՞նչ տվեց արտգործնախարարների հանդիպումը հայկական կողմին, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ինչ տվեց` վստահ չեմ, բայց կարծում եմ` սրանից հետո շատ էլ իմաստ չունի: Եթե այս է լինելու Ադրբեջանի պահվածքը, իսկապես, հաջորդ անգամ նախատեսված որևէ հանդիպման նախօրեին նման միջադեպերը պետք է որ արդեն պատճառ դառնան, որ հայկական կողմը միջազգային հանրությանն ասի` սա ընդունելի չէ, և մենք չենք մասնակցում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ուժերի կողմից վերջին դիվերսիոն հարձակումը կատարվեց նախորդ շաբաթ` հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, որի հետևանքով զոհվեց հայ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը: Իսկ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 25-ի հայտարարությամբ մասնավորապես կողմերին կոչ են արել «անվերապահորեն պահպանել հրադադարի ռեժիմը»:

Տեսանյութեր

Լրահոս