«Դեմ եմ» շարժումը չի կարող քաղաքականացվել. նախաձեռնության անդամ
«Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանն այսօր անդրադարձավ հարցին՝ արդյոք «Դեմ եմ» շարժումը քաղաքակա՞ն է, կուսակցակա՞ն, թե՞ ոչ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ շարժման մասնակիցները գտնվում են քաղաքական հարթակում: «Մենք սա չենք ժխտում: Չենք կարող քաղաքական հարթակից դուրս գտնվել: Բայց դա չի նշանակում, որ շարժումը քաղաքականացվում է, որովհետև քաղաքականացվելն առնվազն երկու կոմպենենտ պետք է պարունակի՝ պիտի լինի քաղաքական գաղափարախոսություն, որով դու գնում ես առաջ, և գնում ես դեպի ո՞ւր՝ քաղաքական իշխանության: Եթե դու չես գնում դեպի քաղաքական իշխանություն և չունես քաղաքական գաղափարախոսություն, որով գնում ես դեպքի քաղաքական իշխանություն, դու չես կարող քաղաքականացված լինել, բայց դու քաղաքական հարթակում ես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի չի կարող դրանից զատ լինել և լուծում ես երկրի սոցիալական քաղաքականության հիմնախնդիր:
Բայց շարժումը չի կարող քաղաքականացվել, որովհետև ինքը չունի քաղաքական նկրտումներ, քաղաքական սպասումներ: Շարժումը համագործակցում է պառլամենատական խմբակցությունների հետ և պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական և ոչ քաղաքական ուժի հետ, ում հետ մեր մոտեցումները համընկնում են, բայց ոչ նրա համար, որ շարժումը հասնի քաղաքական իշխանության կամ քաղաքական գաղափարախոսության է հարում»,- ասաց նա:
Դավիթ Մանուկյանի կարծիքով՝ շարժման քաղաքական լինելու մասին մեկնաբանությունները արհեստական են. «Դրանով պառակտում չփորձեն մտցնել մեր մեջ: Մնք միասնական ենք, և մենք միանշանակ շարունակելու ենք համագործակցությունը քաղաքացիական շարժման ֆորմատով»: