Կորեայի բժշկական զբոսաշրջությունն առաջին անգամ գրավել է օտար երկրի ղեկավարի՝ Հայաստանի նախագահին. The Chosun Ilbo
Հարավկորեական The Chosun Ilbo պարբերականում հրապարակվել է «Հայաստանի նախագահը Կորեայում առողջապահական զբոսաշրջիկների թվում» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարվում Սերժ Սարգսյանի կորեական այցին.
«Կորեայի բուռն զարգացող բժշկական զբոսաշրջությունն առաջին անգամ է գրավել օտար երկրի ղեկավարի՝ հանձինս Հայաստանի նախագահի, ով վերջերս այստեղ ստացել է վերականգնողական բուժումներ: Հայաստանի նախագահի սև սեդանների ավտոշարասյունը ոստիկանների ուղեկցությամբ Չաում կենտրոն (Սեուլ) է ժամանել հունվարի 9-ին:
Սարգսյանին ուղեկցել են խորհրդային սատելիտ (արբանյակ) երկրի նախկին նախագահ (նկատի ունի ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին – 168.am) և ռուս օլիգարխ, որը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձակա շրջապատում, երբ նա նախորդ տարի պետական այցով ժամանել է Հայաստան (նկատի ունի ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանին – 168.am):
Այդ խումբն իր մեկշաբաթյա այցի ժամանակ բժշկական կենտրոն է այցելել ամեն օր և ստացել բուժումներ, այդ թվում նաև ցողունային բջիջների թերապիա, սպա բուժում, հակածերացման թերապիա, մարմնի կատարելացում ու մերսումներ, քաշի վերահսկման ծրագրեր:
Այցերի ժամանակ Սարգսյանին ուղեկցել են ոստիկաններն ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Խումբը վճարել է 200 միլիոն վոն (1 դոլարը հավասար է 1076 վոնի, մոտ 186.000 դոլար) և հեռացել է հունվարի 17-ին»:
Նշվում է, որ 2013 թվականին Կորեա է այցելել ավելի քան 200.000 օտարազգի առողջապահական զբոսաշրջիկ: Կորեայի առողջապահության նախարարությունը պլանավորել է 2020 թվականին այդ ցուցանիշը հասցնել 1 միլիոնի:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն օրեր առաջ «անհեթեթ ասեկոսե» էր որակել Սարգսյանի օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները, ինչի մասին բարձրաձայնել էր «Հայկական ժամանակ» թերթը:
P.S. – Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը: Այդպես դարեր ի վեր ձևավորվել են բուժման հիմնական մոտեցումները` բուսաբուժություն (բույս), հոգեբուժություն (խոսք) և վիրաբուժություն (դանակ):
Բժշկագիտության վերջին ձեռքբերումների շնորհիվ բուժման մոտեցումների շարքը համալրվել է ևս մեկով` բջջային տեխնոլոգիաներով, մասնավորապես, ցողունային բջիջների միջոցով տարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներով: Ցողունային բջիջների կիրառման շնորհիվ ստեղծվել է բժշկության նոր բնագավառ` վերականգնողական (ռեգեներատիվ) բժշկությունը:
Եթե վիրաբուժության հիմքում ընկած է «ավելորդի հեռացումը», ապա դրան հակառակ վերականգնողական բժշկությունը գործում է «բացակայող բաղադրամասի լրացման» սկզբունքով: Ցողունային բջիջներիի հայտնաբերումը հնարավորություն ընձեռեց նոր մոտեցում ցուցաբերել ձևավորված հյուսվածքների նորացման խնդիրներին, փոփոխել տարբեր հիվանդությունների բջջային և գենային բուժման հայեցակարգերը: Ցողունային բջիջներ անվանումը 1908 թվականին առաջարկել է ռուս հյուսվածքաբան Ա. Մաքսիմովը: Այս ամենի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: