Կիևում գլխագին է սահմանվել Նիգոյանին սպանողի համար
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կիևում վարձատրություն են խոստացել «Եվրամայդանի» ակտիվիստ Սերգեյ Նիգոյանին սպանողին գտնելուն նպաստելու համար: Ուկրաինայի մայրաքաղաի փողոցներում հայտնվել են այդպիսի հայտարարություններ: Հայտնի չէ, թե որքան թերթիկ է տարածվել Կիևում:
Նրանց հեղինակները պատրաստ են 5000 դոլար վճարել մարդասպանի մասին տեղեկատվության համար և 100.000 դոլար՝ նրա գլխի համար: Ակտիվիստի մահվան մասին հայտնի դարձավ հունվարի 22-ի առավոտյան, ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատվեց Գլխավոր դատախազության կողմից:
Վերջինիս հաղորդմամբ՝ Նիգոյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային երկու վնասվածք՝ գլխի և կրծքավանդակի շրջանում: Ոստիկանությունը ներկայումս պարզում է նրա մահվան հանգամանքները: Նշվում է, որ Նիգոյանը Դնեպրոպետրովսկի մարզի գյուղերից մեկից Կիև էր ժամանել նախորդ տարվա նոյեմբերի 8-ին, ապա միացել «Եվրամայդանին»: