Արգիշտի Կիվիրյանի գործն արդեն դատարանում է
«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «իշխանության ներկայացուցչի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն»՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս):
Նշենք, որ քրեական գործի նախաքննությունն իրականացրած Հատուկ քննչական ծառայությունը Ա. Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրել նաև սուտ մատնության համար: Հետագայում այդ մեղադրանքը հանվել էր:
Ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի՝ գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են Ա.Կիվիրյանի մարմնական վնասվածքների լուսանկարներ պարունակող, 24.08.2013թ. իրադարձությունների տեսանյութեր պարունակող, քննչական փորձարարության տեսաձայնագրությունը պարունակող, Սարգսյանի և Վրթանեսյանի ու Կիվիրյանի առերեսման աուդիո ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները՝ 5 փաթեթով, բամբակե խծուծները:
Քրեական գործը քննելու է դատավոր Արթուր Մկրտչյանը: Դատական նիստի օր դեռ նշանակված չէ: