Վիտալի Բալասանյանը՝ իր դեմ կատարված մահափորձի նախաքննության մասին
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր դեմ կատարված մահափորձին:
«Սիրելի՛ ժողովուրդ, դիմում եմ քեզ և ցանկանում կիսվել 2013թ. դեկտեմբերի 29-ին իմ հանդեպ տեղի ունեցած մահափորձի մասին (եթե անհրաժեշտություն լինի մանրամասները տեղյակ կպահեմ առաջիկայում)։ Վստահ եմ, որ ժողովրդի գնահատականը կլինի ճիշտ, իսկ ինձ համար՝ անվիճելի։
Սիրելի՛ ժողովուրդ,
Դու ես ծնել, սնել ու դաստիարակել ինձ ու իմ նմաններին և պատերազմի ժամանակ վստահել ինձ պաշտպանական շրջանի (գնդի) հրամանատարի պաշտոնը, պատերազմից հետո տվել ինձ համարժեք գնահատական ու արժանացրել ՛՛Արցախի հերոսի՛՛ բարձրագույն կոչմանը։ Քո վստահության քվեով ես արդեն երրորդ անգամ հայտնվել եմ Ազգային ժողովում, որպես ԼՂՀ նախագահի թեկնածու ստացել եմ ծանրակշիռ ձայներ։
Դեպքից անմիջապես հետո, 30/12/2013թ. ԼՂՀ Ոստիկանությունում հանդիպել եմ ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանի, գլխավոր դատախազ Ա.Ղարամյանի և ոստիկանապետ Կ.Աղաջանյանի հետ, և մենք պայմանավորվել ենք.
– ամեն ինչ անել նմանատիպ երևույթը արմատախիլ անելու և հետագա ցնցումներից խուսափելու համար,
– օգնել բացահայտել կատարվածը,
– պահել նախաքննության գաղտնիությունը,
– առանց քննարկելու չանել որևէ հայտարարություն (խոսքը վերաբերվում է բոլոր կառույցներին և ինձ)։
Ես այն պահել եմ առ այսօր։
Սակայն ԼՂՀ դատախազությունը կասկածյալների վկայությունների հիման վրա հունվարի 5-ին տարածել է մի հաղորդագրություն, համաձայն որի կասկածյալները ինձ հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ՝ իմ կողմից կասկածյալներից մեկի եղբոր ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով։
Այս ամենն իրականությանը չի համապատասխանում։ Կասկածյալները ձերբակալվել են ս/թ. հունվարի 1-ին, ժամը 13-ի սահմաններում, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն ըստ իս պատրաստ է եղել հունվարի 4-ին և հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին։ Այս դեպքից հետո ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում և ես չգիտեմ, թե՞ ում կողմից են դրանք հրամցվում։
Սիրելի՛ ժողովուրդ,
Հենց սրանք են պատճառները, որ դիմում եմ քեզ և ապավինում քո դատին։ Դատի՛ր ինքդ ու ինքդ իմ դատաստանն արա (պատրաստ եմ թե օրենքի, թե ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու), այնպես ինչպես ինձ վստահել ես ու հերոսացրել։ Դու ունես ինձ դատելու իրավունք և եթե ըստ քեզ քո հերոսը կատարել է այս ստոր ու նենգ քայլը և ունի այդ վարքագիծը, ուրեմն ինձ մտցրեք տականքների ցուցակը և ուղարկեք ինձ պատմության աղբարկղ, ընդհուպ դժոխք, ուրեմն ես դրան էի արժանի։
Ժողովուրդը երբեք չի սխալվում։
Ձեր զինվոր,
Վիտալի Բալասանյան»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ գործը նախքննաության փուլում է: