ՊԵԿ պարզաբանումը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության առնչությամբ
Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները:
Դեռևս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում 2013թ. ուժի մեջ մտած <<Եկամտային հարկի մասին>> նոր օրենքի կիրառման, աշխատողների անձնավորված հաշվառման պահանջներն արտացոլող ծրագիրը ողջ ծավալով գործարկելու, անաշխատունակության գումարների փոխհատուցման մեխանիզմները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացի կատարելագործման մասին: Ընդ որում, 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում անաշխատունակության նպաստների փոխհատուցման գումարներն ամբողջությամբ պակասեցվել են վերը նշված 584.7մլն դրամի չափով:
Հաղորդագրության մեջ նշված համակարգային խնդրի բացահայտումն իրականացվել է ՊԵԿ-ում` ՀՀ ֆինանսների նախարարության և կոմիտեի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն հետևանք էր «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի կիրարկման օբյեկտիվ դժվարությունների: Հետևաբար, ՊԵԿ-ին քննադատելու փոխարեն, տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ և հետևողականորեն:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե