Նաիրա Զոհրաբյան. «Ձեզ հետ միասին բեկանելու ենք այս պետական ջեբկիրությունը»
«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության, պետական գրպանահատության մասին օրենքը»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում՝ պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիների հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, թե իշխանության հորդորները, հավաստիացումներն այն մասին, թե օրենքը բխում է բացառապես ՀՀ քաղաքացու շահերից, սուտ են: «Օրենքը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Եվ պատահական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկն անկեղծորեն խոստովանեց՝ կապ չունի՝ հավատո՞ւմ եք, թե՞ ոչ, որ 20-30 տարի հետո կստանաք այդ գումարը, հիմա փող է անհրաժեշտ, և յուրաքանչյուրը պիտի իր ներդրումն ունենա ՀՀ տնտեսության մեջ: Սա բացահայտ նալոգ և ռեկետ կորզելու բացահայտ խոստովանություն է»,- նշեց նա:
Դիմելով իշխանություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինչքա՞ն պիտի արհամարհել, ինչքա՞ն պիտի չսիրել սեփական ժողովրդին, որ հասցնել այս վիճակին: Ստեղծված վիճակը ցինիզմ, դաժանություն որակելն այլևս շատ մեղմ գնահատական է: Մենք բոլորս գիտենք, որ սա մեր պայքարի առաջին քայլերից է»:
Անդրադառնալով հավաքված երիտասարդների պաստառներից մեկին, որի վրա պատկերված էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նկարը՝ «Ապացուցիր, որ չես ստել մեզ դասավանդելիս» մակագրությամբ, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց.
«Գաղտնիք չէ, որ այս ՍԴ-ն մշտապես սպասարկել է տվյալ պահի իշխանության շահը, և, երևի թե, վերջին հնարավորությունն ունի ապացուցելու, որ սպասարկում է ոչ թե կլանին, այլ՝ ծառայում է ժողովրդին»: Նա շեշտեց, որ իրենք կարող են հաղթել միասին, որովհետև երկիրը հասցված է այն վիճակի, որ առանձին որևէ քաղաքական, քաղաքացիական ուժ չի հաղթի: «Միասնական, ձեզ հետ միասին՝ մենք բեկանելու ենք այս պետական ջեբկիրությունը, միասնական, ձեզ հետ միասին՝ մենք վիճարկելու ենք գազի վասալային պայմանագիրը, մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչելու»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը: