Բաժիններ՝

Մաքսային միության մեջ մտնելը տնտեսական պլանում հղի է բացասական մեծ գործընթացներով. Ղրղզստանի վարչապետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը հայտարարել է, որ քաղաքական տեսանկյունից Ղրղզստանն արդեն վաղուց որոշում է ընդունել Մաքսային միության մեջ մտնելու մասին:

Նա հավելել է, որ դրա հետ մեկտեղ երկրի տնտեսությունը դեռ չի կարող մրցակցել տվյալ կազմակերպության մասնակից երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) տնտեսությունների հետ. «Դրա համար էլ առանց որոշակի պայմանների, մեզ համար Մաքսային միության մեջ մտնելը հղի է բացասական մեծ գործընթացներով:

Մյուս կողմը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) հասկանում է դա, և մենք փնտրում ենք այդ հարցի լուծման ուղիները: Ղրղզստանի համար անիմաստ է անդամակցել տնտեսական մի միության, եթե նրա համար դա շահավետ չէ: Այդպիսի իրավիճակում իմաստ չկա ռիսկի դիմելու, քանի որ դրան կարող են հաջորդել մեծ խնդիրներ:

Եթե Ղրղզստանն իր մաքսային սահմանները բացի գործընկեր երկրների համար, ապա կկորցնի իր արտադրողներին, քանի որ նրանք նոր պայմաններում չեն կարողանա մրցակցել արտերկրի առավել հզոր ընկերությունների հետ: Մենք իհարկե կողմ ենք ինտեգրմանը, սակայն մենք պետք է պաշտպանված լինենք գոնե մի շարք մասերով»:

Մասնավորապես, Բիշքեկը Մաքսային միության երկրներին խնդրում է Ղրղզստանի անդամակցության դեպքում նրա համար ստեղծել Աջակցության հիմնադրամ, որն անցումային ժամանակաշրջանում կֆինանսավորեր երկրի տնտեսությունը: Սատիբալդիևը կարծում է, որ այդ դեպքում իրենք կարող են համարձակ գնալ դեպի Մաքսային միություն, իսկ առանց դրա, իրենց համար կլինի շատ ծանր:

Ղրղզստանի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշում կայացրել են դեռևս 2011 թվականի գարնանը: Պաշտոնական հայտը ներկայացվել է միայն կես տարի անց: Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» պետք է պատրաստ լիներ մինչև նախորդ տարեվերջ, սակայն Բիշքեկը ոչ ռացիոնալ քայլ է համարում, առանց ազգային շահերի պահպանման, Մաքսային միությանն անդամակցելը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախորդ տարվա վերջերին հայտարարել էր, որ Հայաստանը կարող է Մաքսային միության մեջ մտնել Ղրղզստանից ավելի շուտ՝ ընդգծելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ աշխատանքներն ընթանում են շատ ավելի արագ տեմպերով:

Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումն ընդունել է միայն 2013 թվականի սեպտեմբերին՝ Մոսկվայում Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս