Ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկել բոլոր օտարազգիներին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդինն ու նրա հանրապետական գործընկեր Ջոն Մաքքեյնը Սենատի՝ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի դիտարկմանն են ներկայացրել մարդու իրավունքները խախտող բոլոր օտարազգիների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծ:
Օրենսդիրներն առաջարկում են ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը», որում այսուհետ, ռուսներից բացի, կընդգրկվեն աշխարհի յուրաքանչյուր երկրի քաղաքացիները: Նրանք կարծում են, որ փաստաթուղթը պետք է անվանվի «Աշխարհում մարդու իրավունքների ու պատասխանատվության մասին ակտ»:
Կարդինի խոսքերով՝ ԱՄՆ-ը պետք է շարունակի առաջատար մնալ կոռուպցիայի ու մարդու իրավունքների խախտման դեմ պայքարում՝ անկախ նրանից, թե որ երկրում են տեղի ունեցել դրանք.
«Մենք հասկացնել ենք տալիս չար իրավախախտներին՝ Զիմբաբվեից մինչև Ուկրաինա, Հոնդուրասից մինչև Պապուա-Նոր Գվինեա, որ նրանց չի հաջողվի խուսափել իրենց գործողությունների հետևանքներից, անգամ եթե իրենց երկրներում ոչինչ չի ձեռնարկվում»:
Հիշեցնենք, որ ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և 2012 թվականի դեկտեմբերին (գրեթե 3 տարի անց) ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը:
Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը: Ի պատասխան, Ռուսաստանը ստեղծեց «Գուանտանամոյի իր ցուցակը», որում ներառեց ռուսներին հալածած ամերիկացիներին: