Իրաքը հրաժարվել է վերացնել մահապատիժը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները մտադիր չեն դրականորեն պատասխանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի կոչին՝ կապված երկրում գործող մահապատժի պրակտիկայից հրաժարվելու հետ:
Այս մասին երեկ Բաղդադում Բան Կի Մունի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ՄԱԿ-ի որոշումներին ու մարդու իրավունքներին, սակայն չենք կարծում, թե արժե հարգել նրանց իրավունքները, ովքեր սպանում են այլ մարդկանց»:
Մալիքին ընդգծել է, որ մահապատիժն ամրագրված է Իրաքի Սահմանադրությամբ: Նշվում է, որ Իրաքում իրականացված մահապատիժները քանիցս քննադատության են արժանացել ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: