2013թ. ՌԴ-ում այլատյացության ու ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարվել է 20 սպանություն. իրավապաշտպաններ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ռուսաստանում այլատյացության ու ազգային անհանդուրժողականության հողի վրա իրականացվել է 20 սպանություն: Այս մասին օրեր առաջ հայտնել է «Սովա» իրավապաշտպան կազմակերպությունը:

Իրավապաշտպաններն ընդգծել են, որ նախնական տվյալներով՝ 2013 թվականին նմանատիպ հարձակումներ գրանցվել են Ռուսաստանի 32 շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել է առնվազն 173 մարդ:

Բռնությունների մակարդակով նախորդ տարվա առաջատարը նախկինի նման Մոսկվան է, ուր սպանվել է 8 և վիրավորվել է 53 մարդ: Երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է՝ 3 զոհ և 32 վիրավոր: Բռնությունների մակարդակով աչքի են ընկել Լիպեցկի (4 զոհ, 9 վիրավոր), Չելյաբինսկի ու Մոսկվայի (8-ական վիրավոր), Սվերդլովսկի (2 զոհ, 4 վիրավոր) մարզերը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ 2013 թվականին աջ ծայրահեղականների գործողություններից ամենաշատը տուժել են Կենտրոնական Ասիայի (13 զոհ, 39 վիրավոր) և Կովկասի (3 զոհ, 26 վիրավոր) ներկայացուցիչները:

Իրավապաշտպաններն ընդգծել են, որ 2013 թվականին, նախորդ տարիների համեմատ, էականորեն աճել է նաև տուժածների քանակը կրոնական խմբերի ու սեռական փոքրամասնության ներկայացուցիչների շրջանում:

Տեսանյութեր

Լրահոս