Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պլանավորված է, որ Հասանովը հանդիպելու է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի, Ֆրանսիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ծովակալ Էդուար Գիյոյի, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտը ներկայացնող ֆրանսիական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերը: Ակնկալվում է, որ այցի ընթացքում Ֆրանսիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները համաձայնագիր կստորագրեն պաշտպանական ոլորտում համագործակցության մասին:
Հասանովի ֆրանսիական այցը կավարտվի հունվարի 14-ին: