Իրանը հետաձգել է Կասպից ծովի ջրերը երկրի կենտրոնական շրջաններ ուղղելու մասին պլանը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հետաձգել է Կասպից ծովի ջրերը երկրի կենտրոնական շրջաններ ուղղելու մասին պլանը: 2013 թվականի դեկտեմբերին Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդական Սատտար Մահմուդին հայտարարել էր, որ Իրանն ավարտել է Կասպից ծովի ջրերը երկրի խորքերն ուղղելու վերաբերյալ նախնական հետազոտությունները:
Նա հավելել էր, որ մշակված պլանով նախատեսվում է մոտ 200 միլիոն խորանարդ մետր ջուր Կասպից ծովից ուղղել դեպի Իրանի կենտրոնական շրջաններ՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական նպատակներով:
2013 թվականի հոկտեմբերին Իրանի Շրջակա միջավայրի պահպանման կազմակերպության ներկայացուցիչ Աբդոլռեզա Կարբասին հայտարարել էր, որ Կասպից ծովի ջրերն Իրանի կենտրոնական անապատ ուղղելը կհանգեցնի բնապահպանկան աղետի: Կասպից ծովի ջրերն Իրանի կենտրոնական շրջաններն ուղղելը կպահանջի մոտ 20 տրիլիոն ռիալ (800 միլիոն ամերիկյան դոլար):