Պենտագոնը գնահատել է Սնոուդենի գործունեության վնասը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի փորձագետները պատրաստել են փակ զեկույց, որում գնահատական են տվել Էդվարդ Սնոուդենի գործունեության հետևանքով ԱՄՆ ազգային անվտանգությանը պատճառված իրական ու պոտենցիալ վնասին: Փաստաթղթի բովանդակությունը մասնակիորեն հրապարակել են կոնգրեսականներ Մայք Ռոջերսը և Դատչ Ռուպերսբերգերը:
Նրանց խոսքերով՝ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեության մասին տվյալներ հրապարակելն ահաբեկիչներին հնարավորություն է տվել իմանալ ամերիկյան հետախուզության աշխատանքային մեթոդների մասին և հարմարվել դրանց:
Նրանք հավելել են, որ Սնոուդենի առևանգած փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկատվություն ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մասին, այդ թվում ընթացիկ: ԱՄՆ կոնգրեսի Հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ռոջերսի կարծիքով՝ դա կարող է մահացու հետևանքներ ունենալ ամերիկացի զինծառայողների համար, եթե այդ փաստաթղթերը հայտնվեն ԱՄՆ թշնամիների ձեռքում:
Կոնգրեսականները հայտնել են, որ ընդհանուր առմամբ, Սնոուդենի տրամադրության տակ առկա է 1.7 միլիոն գաղտնի փաստաթուղթ: Ավելի վաղ NSA-ի ներկայացուցիչները նույնպես հայտնել էին այդ թիվը՝ ընդգծելով, որ Սնոուդենը լրագրողներին է հանձնել միայն մոտ 200.000 փաստաթուղթ: Դա նշանակում է, որ Սնոուդենի տրամադրության տակ շարունակում է մնալ մոտ 1.5 միլիոն գաղտնի փաստաթուղթ: