ՀՀԿ-ականը՝ Գևորգ Պողոսյանի մասին. Ես էդ բախտագուշակներին չեմ հավատում
Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի ներկայացմամբ՝ երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:
Azatutyun.am-ի հետ զրույցում սոցիոլոգիական գիտությունների դոկտորն ասել է, որ այդ մասին են վկայում իրենց անցկացրած հետազոտությունները, և, եթե իրադրությունը երկրում չփոխվի՝ առաջին հերթին չբարելավվի մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, ապա առաջիկայում ականատես կլինենք պայթյունի, այսինքն՝ հանրային ընդվզումների, ըմբոստության:
168.am-ի հետ զրույցում, արձագանքելով այս հայտարարությանը, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն ասաց, թե ինքը սոցիոլոգիական տվյալներին չի հավատում:
«Ես էդ բախտագուշակներին չեմ հավատում: Նման բան մտածելու հիմքեր չկան: Հայաստանում չեմ հիմա, որ տեսնեմ, թե ակտիվիստներն ինչքան են ակտիվացել, բայց կարծում եմ, որ այս տարին էլ նախորդի նման կլինի: Միշտ էլ ակտիվիստներն ակտիվ են եղել, հենց դրա համար էլ կոչվում են ակտիվիստներ, որ ակտիվ են: Միշտ էլ դժգոհություններ լինելու են, դրա համար, իմ խորին համոզմամբ՝ 2014-ն էլ լինելու է մնացած տարիների պես»,- նշեց նա:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` 2014-ին սպասվում են ոչ միայն դժգոհություններ, այլև` հաջողություններ, ուստի, նրա համոզմամբ, պետք չէ ամեն ինչին հոռետեսորեն մոտենալ: «Ինչի՞ եք անմիջապես պեսիմիստական խոսում: Ես լավատես եմ, ուզում եմ, որ լավ լինի: Դե բա ակտիվիստներն էլ իրանց գործը կանեն, ընդդիմությունն էլ իրա գործը կանի: Ես միշտ էլ կողմ եմ եղել, որ հզոր ընդդիմություն ունենանք»,- հավաստիացրեց նա:
Համլետ Հարությունյանը նշեց, թե խորհրդարանում «նորմալ» ընդդիմություն կա` բավական ակտիվ աշխատող: