Վոլգոգրադի պայթյուններից հետո տեղի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 700 մարդու
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարեվերջին Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյուններից հետո ոստիկաններն այդ քաղաքում իրականացված «Մրրիկ-հակատեռոր» գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 700 մարդու՝ վարչական տարբեր իրավախախտումների համար:
Ողջ Վոլգոգրադի մարզում ոստիկանները կինոլոգների ու ծառայողական շների հետ ստուգումներ են անցկացրել մոտ 6000 օբյեկտում, այդ թվում նաև 2500 բնակելի շենքում՝ մանրակրկիտ հետազոտելով ձեղնահարկերն ու նկուղները, 37 ավտոկայան, 23 երկաթուղային կայարան:
Ոստիկաններին նաև հաջողվել է ձերբակալել 12 հանցագործի, որոնք գտնվում էին հետախուզման մեջ և հանցագործություններ կատարելու հարցում 70 կասկածյալի: Ստուգման է ենթարկել 356 մարդ, որոնք ունեն զենք կրելու իրավունք: Հայտնաբերված խախտումների դեպքում առգրավվել է 85 միավոր հրաձգային զենք:
Ստուգումներն առնչվել են նաև 175 ներգաղթյալի, որոնցից մեկն ապօրինաբար է գտնվել Ռուսաստանի տարածքում: Մոտ ժամանակներս նրան կարտաքսեն երկրից: Փողոցներում հասարակական կարգը պահպանում է ոստիկանության ավելի քան 3500 աշխատակից: Փողոցներում պարեկություն կատարելու հարցում նրանց օգնում են Ռուսաստանի ներքին զորքերի մոտ 500 զինծառայող ու հասարակության ներկայացուցիչներ: