Խանութներում հայտնաբերվել է ժամկետանց կաթնամթերք
Հունվարի 7-ին և 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ին հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է թվով 20 փոքր, միջին և խոշոր իրացման կետերում և հատկապես փոքր բակային խանութներում: Հունվարի 7-ին կաթնամթերք առկա էր շատ քիչ խմբաքանակով և միայն 2013 թվականի արտադրանք, այն էլ ոչ բոլոր խանութներում: Տնտեսվարող սուբյեկտները մասնագետների հետ զրույցում տեղեկացրել են, որ արտադրող ընկերությունները կաթնամթերքն առաքելու են հունվարի 8-ին՝ այսօր:
Ըստ Պիպոյանի՝ մի փոքր այլ էր պատկերը միջին և խոշոր իրացման կետերում. որոշ խանութներում հայտնաբերվել են ժամկետանց մթերքներ, ընդ որում իրացման ցանցում առկա է եղել թե՛ 2013 թվականի, թե՛ արդեն 2014 թվականի արտադրության մթերքներ: Որոշ արտադրողների մոտ նկատվել են մակնշման խնդիրներ, մասնավորապես եղել են դեպքեր, երբ մակնշման մեջ բացակայել է մթերքի արտադրման օրը, և մակնշված է եղել միայն պիտանելիության ժամկետի ավարտը. «Եղել են դեպքեր, երբ արտադրության օրվա և պիտանելիության ժամկետի ավարտի օրվա միջև տարբերությունը կազմել է 12 օր, մինչդեռ տվյալ մթերքի պիտանելիության ժամկետն առավելագույնը կազմում է 10 օր: Բոլոր այն իրացման կետերում, որտեղ կազմակերպությունը հայտնաբերել է ժամկետանց մթերքներ, իրացնողները նշված մթերքները դուրս են բերել իրացումից»: Պիպոյանը ասաց, որ նշված խնդիրների մասին կազմակերպությունը տեղեկացրել է նաև արտադրող ընկերություններին, որոնք խոստացել են արագ լուծել խնդիրները և նոր խմբաքանակների առաքման հետ զուգահեռ հետ հավաքել սխալ մակնշված և ժամկետանց մթերքները:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին պահպանել զգուշավորություն, ձեռք բերել միայն այն մթերքները, որոնք վրա առկա է թե՛ արտադրման, թե՛ պիտանելության ժամկետի ավարտի օրը, իսկ վերը նշված խնդիրներին հանդիպելիս ահազանգել մեզ՝ 430 930 հեռախոսահամարով»,- ասաց Բ.Պիպոյանը: