Բաժիններ՝

Տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով Հայաստանը չորրորդն է աշխարհում. BBC

BBC-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի համալսարանի Առողջության չափման ու գնահատման ինստիտուտի (Institute for Health Metrics and Evaluation) հետազոտողների տվյալներով, 2012 թվականին յուրաքանչյուր օր ծխողների քանակը կազմել է 967 միլիոն մարդ, որոնք բնակվում են 187 երկրում:

1980 թվականին ծխողների քանակն աշխարհում կազմել է 721 միլիոն մարդ: Գիտանականների կարծիքով, ծխողների քանակի աճը բացատրվում է վերջին 50 տարում Երկրագնդի բնակչության աճով: Մի շարք խոշոր երկրներում, այդ թվում նաև Չինաստանում, Ռուսաստանում ու Բանգլադեշում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին ծխողների քանակն ավելի է մեծացել:

Ծխելու տարածված լինելու ամենաբարձր ցուցանիշներից մեկը գրանցվել է զարգացող երկրներում: Գիտնականները պարզել են, որ աշխարհում ամեն օր ծխում է յուրաքանչյուր 10 տղամարդուց 3-ը (31 տոկոս) և յուրաքանչյուր 20 կնոջից 1-ը (6 տոկոս): 1980 թվականին ծխել է 10 տղամարդուց 4-ը (41 տոկոս) և 10 կանանցից 1-ը (10 տոկոս):

Տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածված լինելու հարցում առաջատարն Արևելյան Թիմորն է, ուր ամեն օր ծխում է բնակչության 61 տոկոսը: Երկրորդ տեղում Ինդոնեզիան է, իսկ երրորդ տեղում՝ Կիրիբատին: Ծխախոտի տարածվածության տեսանկյունից չորրորդ տեղում է հայտնվել Հայաստանը, ապա գալիս է Պապուա և Նոր Գվինեան:

Ծխողների ամենաքիչ քանակը գրանցվել է Անտիգուա և Բարբուդայում (5 տոկոս), Սան Տոմե և Պրինսիպիում, Նիգերիայում, Եթովպիայում ու Գանայում: Առողջական վիճակի վրա ծխելու ազդեցության տեսանկյունից ամենավատ իրավիճակն առկա է Հունաստանում, Իռլանդիայում, Իտալիայում ու Ճապոնիայում, ինչպես նաև Չինաստանում, Քուվեյթում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Շվեյցարիայում ու Ուրուգվայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում է, որ միլիոնավոր մարդկանց կյանք կարելի է փրկել, եթե իշխանությունները շարունակեն հակածխախոտային քաղաքականությունը, բարձրացնեն ծխախոտի հարկերը և օրենքներ ընդունեն որոշակի վայրերում ծխելն արգելելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս