Թուրքիայում զբաղեցրած պաշտոնից հեռացրել են կոռուպցիոն սկանդալի գծով ձերբակալություններն արտոնած դատախազին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի դատավորների ու դատախազների գերագույն խորհուրդը (Hakimler ve Savcılar Yüksek Kurulu, HSYK) զբաղեցրած պաշտոնից հեռացրել է Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Զաքարիա Օզին:
HSYK-ը, հետաքննելով կոռուպցիոն սկանդալին առնչվող հայցերը, որոշել է Զաքարիա Օզին ուղարկել Բաքըրքյոյի գլխավոր դատախազություն: HSYK-ի որոշման մեջ նշված է, որ չնայած նրան, որ Թուրքիայում (կենտրոնական ուղղվածությունը՝ Ստամբուլ) իրականացված հատուկ գործողության վերաբերյալ հետաքննությունը ավարտվել է 6 ամիս առաջ՝ Օզը գործի նյութերը չի ներկայացրել դատարանին:
Դրա հետ մեկտեղ Օզը Դուբայում շինարարական գործունեություն ծավալած ընկերության հրավերով հանգստանալիս է եղել այնտեղ: Նշվում է, որ հենց Օզն է արտոնել կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց դեմ հատուկ գործողություն ձեռնարկելը, ինչի արդյունքում Ստամբուլում ու Անկարայում ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում նաև գործարարներ ու նախարարների որդիներ՝ կապված կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման հետ: