Ուժեղ ցրտերի պատճառով ԱՄՆ-ում գազի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գազի բորսային գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի, ինչի պատճառը երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում առկա ցուրտն ու առատ ձյունն են:
Նյու Ջերսիում, որտեղից վառելիքը մատակարարվում է մասնավորապես Նյու Յորքին, աճել է մինչև 90 դոլարի՝ մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (BTU)-ի դիմաց: Այլ կերպ ասած՝ հազար խորանարդ մետր գազի գինը հասել է 3240 դոլարի: Մինչդեռ հունվարի 3-ի դրությամբ՝ գազի գինը համապատասխանաբար կազմել է մոտ 14 դոլար (BTU) և 504 դոլար:
Այլ երկու հանգույցներում, որտեղից վառելիքը հասնում է մի շարք նահանգներ՝ Հարավային Կարոլինայից մինչև Նյու Ջերսի, գները բարձրացել են մինչև 95 դոլարի՝ մեկ միլիոն BTU-ի համար: Bloomberg գործակալությունն ընդգծում է, որ վերջին 10 տարվա ընթացքում գազի գինն այդպիսի աճ չի գրանցել:
ԱՄՆ-ում հունվարի 6-ին գազի օրական սպառումը հասել է իր պատմական առավելագույնին՝ կազմելով մոտ 3.56 միլիարդ խորանարդ մետր: Ենթադրվում է, որ հունվարի 7-ն ԱՄՆ-ում հանդիսանալու է վերջին 20 տարվա ամենացուրտ օրը: ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում ջերմաստիճանը նորմայից ընկել է 11-20 աստիճանով, իսկ մի շարք քաղաքներում այն նվազել է մինչև – 40 աստիճան Ցելսիսուս:
Առատ ձյան և մերկասառույցի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել ավելի քան 5000 ներքին չվերթ: Բացի այդ, դադարեցվել (Չիկագո) կամ կրճատվել (Նյու Յորք) է մի շարք ուղղություններով գնացքների տեղաշարժը: Առատ ձյան պատճառով զոհվել է 16 մարդ: