Վրաստանը պատրաստվում է գիտականորեն ապացուցել, որ հանդիսանում է գինու հայրենիքը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իշխանությունները նախագիծ են պատրաստել, որի նպատակն այն բանի գիտական հիմնավորումն է, որ հենց Վրաստանն է հանդիսանում գինու հայրենիքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ նախագիծը կրում է գիտական բնույթ և նպատակ է հետապնդում գիտականորեն փաստարկելու գինու հայրենիքի մասին պնդումները՝ բերելով համապատասխան ապացույցներ. «Մենք վստահ ենք, որ Վրաստանն է գինու հայրենիքը, սակայն դա պետք է ապացուցել գիտականորեն»:
Հետազոտությանը մասնակցելու են առաջատար գիտնականներ. ծագումնաբաններ, ԴՆԹ-ի հետազոտողներ, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից հնագետներ: Դավիթաշվիլիի խոսքերով՝ իրենք մարքեթինգային կամպանիա են ծավալելու երկու ուղղությամբ, որոնցից առաջնահերթն առնչվում է հետխորհրդային տիրույթին, իսկ երկրորդականը՝ ԱՄՆ-ին, Չինաստանին և ողջ Հարավ-Արևելյան Ասիային: