2013 թվականին մոտ 40 տոկոսով աճել են Հայաստանի քաղաքացիների այցերը Վրաստան
Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի Տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2013 թվականին Վրաստան այցելել է 5.365.356 օտարազգի, ինչը 21.5 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ:
Այդ տվյալներով՝ Վրաստան մուտք գործած օտարազգին, ով երկրում մնացել է ավելի քան 24 ժամ, համարվում է «զբոսաշրջիկ»: 2013 թվականին «զբոսաշրջիկների» քանակը կազմել է ավելի քան 2 միլիոն, ինչը 16.3 տոկոսով ավելին է դրա նախորդ տարվա հետ համեմատ:
Վրաստան իրականացված այցերի մեծ մասը բաժին է ընկնում հարևան երկրներին: Առաջատարը Թուրքիան է, որտեղից Վրաստան իրականացվել է 1.59 միլիոն այց (3.8 տոկոսանոց աճ), ապա գալիս են Հայաստանը՝ 1.28 միլիոն այց (39.4 տոկոսանոց աճ), և Ռուսաստանը՝ 765.458 այց (49 տոկոսանոց աճ):
2013 թվականին Ուկրաինայի քաղաքացիների այցերի քանակը Վրաստան աճել է 64.8 տոկոսով և կազմել է 126.300: Նախորդ տարի 12.3 տոկոսով կրճատվել է Վրաստան Իրանի քաղաքացիների այցերի քանակը՝ կազմելով 78.633: 2013 թվականի հուլիսի 1-ից Վրաստանը միակողմանիորեն Իրանի քաղաքացիների համար վերացրել է վիզային ռեժիմը:
ԵՄ-ի երկրների քաղաքացիների այցը Վրաստան աճել է 21.9 տոկոսով՝ կազմելով 206.999: