Թուրքիայի ԱԱԽ-ի նիստում քննարկվել են ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցեր
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ «Չանքայա» նախագահական նստավայրում տեղի է ունեցել 2013 թվականի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) վերջին նիստը: Այն նախագահել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
ԱԱԽ-ի նիստը տևել է 3.5 ժամ: Թուրքիայի կառավարությունում տեղի ունեցած կադրային փոփոխություններից հետո ԱԱԽ-ի նիստին առաջին անգամ մասնակցել են նորանշանակ փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը և ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Իսկ ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն առաջին անգամ ԱԱԽ-ի նիստին մասնակցել է որպես արդարադատության նախարար:
ԱԱԽ-ի նիստում ամփոփվել են 2013 թվականի զարգացումները: Քննարկվել են Սիրիայի զարգացումները, որոնք ազդում են Թուրքիայի ու տարածաշրջանի անվտանգության վրա: Մեծ ուշադրություն է հատկացվել Իրաքի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին, գնահատական է տրվել Իրաքի անվտանգությանն ու կայունությանը:
ԱԱԽ-ի նիստում քննարկվել են նաև մերձավորարևելյան ու հյուսիսաֆրիկյան այլ զարգացումներ, ինչպես նաև ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ: