Այսօր ընդդիմությունը իշխանափոխություն կիրականացնի
Այսօր խորհրդարանում կարող է տեղի ունենալ մի իրադարձություն, որն այլ կերպ, քան պատմական, չի կարելի որակել: Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ կարող է տեղի ունենալ սահմանադրական իշխանափոխություն. ընդդիմությունը կարող է իշխանությունից զրկել ՀՀԿ-ին: Ճիշտ է, խոսքն ամբողջական իշխանափոխության մասին չէ, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ սկսվում է փոքր հաջողություններից:
Այսօր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ներկայացուցիչները պատրաստվում են նիստ գումարել և պաշտոնանկ անել հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սուքիաս Ավետիսյանին: ԱԺ հաշվիչ հանձնաժողովը միակ խորհրդարանական հանձնաժողովն է, որտեղ ԱԺ քաղաքական մեծամասնություն
ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը փոքրամասնություն են: Յոթ հոգանոց այս հանձնաժողովում ՀՀԿ-ն ունի երկու ներկայացուցիչ` Սուքիաս Ավետիսյանը և Տաճատ Վարդապետյանը, իսկ ՕԵԿ-ը` մեկ` Իշխան Խաչատրյանը: Հանձնաժողովում ԲՀԿ-ն ներկայացնում է Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ը` Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ն` Արծվիկ Մինասյանը, իսկ «Ժառանգությունը»` Թևան Պողոսյանը: Ահա այս չորս համարձակ ու անվեհեր անհատները վաղը պետք է պաշտոնանկ անեն ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին և, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք հանձնաժողովում մեծամասնություն են, ընտրեն նոր նախագահ: Նրանք այսօր իրենց կողմից հրավիրված նիստին են հրավիրել հանձնաժողովի դեռևս գործող նախագահ Սուքիաս Ավետիսյանին, որպեսզի նրան մեղադրեն ԱԺ Կանոնակարգ-օրենքը խախտելու մեջ, և հենց այդ հիմքով էլ նրան պաշտոնանկ անեն:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահի փոփոխության պատմական անհրաժեշտությունն առաջացավ դեկտեմբերի 23-ի ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ, երբ հանձնաժողովի մեծամասնությունը բոյկոտեց ԱԺ նիստը և չմասնակցեց ձայների հաշվմանը: Մինչդեռ հանձնաժողովի մյուս երկու անդամները` Սուքիաս Ավետիսյանը և Իշխան Խաչատրյանը, մասնակցեցին ձայների հաշվմանը: Հենց իր այդ քայլով Սուքիաս Ավետիսյանն իր դեմ լարեց հանձնաժողովի մեծամասնությանը` դրանով վերջ դնելով իր կարիերային:
Ո՞վ կլինի հաշվիչ հանձնաժողովի հաջորդ նախագահը, ո՞ւմ կվստահվի այդ կարևոր ու խիստ սկզբունքային պաշտոնը: Առաջին հայացքից` թվում է, որ միակ հիրավի արժանի թեկնածուն պետք է որ լիներ ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, քանի որ իշխանափոխության ծրագիրը հղացել ու դրա նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքն իրականացրել է հենց ՀՅԴ ներկայացուցիչը: Բայց Արծվիկ Մինասյանը չի ուզում բացահայտվել, նա համեստաբար ուզում է մնալ ստվերում` առանց փառքի ավելորդ դափնիների:
Տիգրան Ուրիխանյանը հասկանում է, որ ծիծաղելի է դառնալ մի հանձնաժողովի նախագահ, որն ավարտել է իր գործունեությունը: Հավանաբար, նույն նկատառումներից ելնելով` կհրաժարվի նաև Թևան Պողոսյանը: Ու այդ պաշտոնը կհանձնեն Լյուդմիլա Սարգսյանին: Ճիշտ կլիներ, որ Սարգսյանը ևս հրաժարվեր, բայց դժվարությամբ ձեռք բերված իշխանությունը ճիշտ չի լինի անտեր թողնել: Չնայած ամենաճիշտ լուծումը կլիներ այն, որ համատեղ ձեռք բերված իշխանությունը կիսվեր հավասար մասերի. լիներ հաշվիչ հանձնաժողովի քառանախագահություն: ԱԺ Կանոնակարգ-օրենքը նման սահմանափակում չի նախատեսում:
Իրականում վաղը կբացահայտվի հայաստանյան, այսպես կոչված, ընդդիմության էության և վիճակի անհեթեթությունը: Ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի` ԱԺ որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստում ստեղծվում է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը: Սա նշանակում է, որ այսօր գործող հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն ավարտվելու են հաջորդ տարվա փետրվարի սկզբին:
Եվ մինչև փետրվարի սկիզբը հաշվիչ հանձնաժողովը ոչ մի գործունեություն չի իրականացնելու, քանի որ ԱԺ-ն գտնվելու է արձակուրդում: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի գործառույթներն առանց այն էլ խիստ սահմանափակ են: Այս հանձնաժողովը զբաղվում է փակ գաղտնի քվեարկություններ կազմակերպելով, իսկ այդպիսիք ԱԺ-ում լինում են շատ հազվադեպ: Ստացվում է, որ վաղը ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները վերցնելու են մի մարմնի ղեկավարում, որն արդեն չկա: Ինչպես ասում են` կարևորը պատերազմի արդյունքը չէ, այլ մանևրելը:
Բացի այդ, մեր տեղեկություններով` նկատի ունենալով դեկտեմբերի 23-ի միջադեպը, երբ հանձաժողովի մեծամասնությունը լքեց ԱԺ դահլիճը, իշխանությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ-օրենքում և փոխել հանձնաժողովի ձևավորման սկզբունքը. խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողովում պետք է ունենա առնվազն 50 տոկոսանոց ներկայություն: Այս դեպքում համանախագահությունն ուղղակի անհրաժեշտություն կլինի:
Կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ուլյանով Լենինը թերահավատներին ապացուցեց, որ հնարավոր է սոցիալիզմ կառուցել առանձին վերցված մեկ երկրում: Այսօր հայ ընդդիմադիրները կապացուցեն, որ հնարավոր է իշխանափոխություն իրականացնել առանձին վերցրած մեկ հանձնաժողովում, թեկուզ` իր լիազորությունները սպառած: