Հասան Ռոուհանին գերմանական թերթի միջոցով դիմել է Արևմուտքին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հոդված է տպագրել գերմանական Süddeutsche Zeitung թերթում: Դրանում Ռոուհանին ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է երկկողմ հարաբերությունները բարելավել ոչ միայն ԱՄՆ-ի, այլև՝ մյուս երկրների հետ.

«Մենք ցանկանում ենք վերականգնել ու բարելավել մեր հարաբերությունները եվրոպական ու հյուսիսամերիկյան երկրների հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա: Մենք ձգտում ենք խուսափել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր լարվածությունից»:

Ռոուհանին հույս է հայտնել, որ կկրճատվի Թեհրանի մեկուսացումը, և որ Իրանը կշահի պատժամիջոցների մեղմացվելուց: Ռոուհանին նշել է, որ անհնար է մոռանալ վերջին 60 տարվա զարգացումները և չնայած դրան՝ կոչ է արել կողմնորոշվել դեպի ապագա:

Ռոուհանին իր հոդվածը եզրափակել է նրանով, որ Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ ատոմից օգտվելու իր իրավունքից, և որ նա երբեք չի փորձել ստեղծել միջուկային զենք:

Հիշեցնենք, որ այս տարի ամերիկյան ԿՀՎ-ն առաջին անգամ խոստովանեց, որ ուղիղ 60 տարի առաջ դերակատարություն է ունեցել 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման կազմակերպման մեջ, ինչը հանգեցրել է Իրանի նախկին վարչապետ Մոհամմեդ Մոսադեղի կառավարության տապալմանը:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ Իրանը դատի է տալու ԱՄՆ-ին՝ կապված 1953 թվականի հեղաշրջմանը ԿՀՎ-ի մասնակցության հետ:

Տեսանյութեր

Լրահոս