Իրանը դատի է տալու ԱՄՆ-ին՝ կապված 1953 թվականի հեղաշրջմանը ԿՀՎ-ի մասնակցության հետ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրենք, որը երկրի կառավարությանը պարտավորեցնում է դատական հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ՝ կապված 1953 թվականին Իրանում իրականացված և գործող կառավարության տապալմանը հանգեցրած պետական հեղաշրջմանը ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) մասնակցության հետ:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 167 պատգամավոր, դեմ է քվեարկել միայն 5 պատգամավոր: Օրինագծի տեքստի համաձայն, Իրանում ձևավորվելու է հատուկ հանձնաժողով, որը կես տարվա ընթացքում հետազոտելու է 1953 թվականի իրադարձությունների բոլոր նյութերն ու հանգամանքները, ինչից հետո ծավալուն հաշվետվություն է ներկայացնելու կատարած աշխատանքների մասին:

Իրանի կառավարությունը պետք է ԱՄՆ-ի դեմ հայցը ներկայացնի ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Իրանի խորհրդարանում այդ մասին քննարկումներ սկսվեցին այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ում գաղտնազերծված փաստաթղթերը վկայեցին, որ ԿՀՎ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել 1953 թվականին Իրանի վարչապետ Մոհամմեդ Մոսադեղին գահընկեց անելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս