Բաժիններ՝

Տաքսի ծառայություն իրականացնող 16 ընկերություններ ստացան խիստ նախազգուշացում՝ «մինիմալով» խաբելու համար

Այսօր տեղի ունեցած ՏՄՊՊՀ նիստում որոշվեց պատասխամատվության միջոց կիրառել տաքսի ծառություն մատուցող 16 ընկերությունների հանդեպ՝ անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար: Օրինախախտ տաքսի ծառայություններն են՝ «Փինկ», «Տաքսի Պրեստիժ», «Տաքսի Մանանդ», «Տաքսի Դե Լյուքս Սիթի», «Այգեձոր», «Մեծն Կայզեր», «Հույսի Քարավան», «Զոլոտոյ Դյուկ» «Հ.Ա.Ս.Գ. Տրանս», «Կապոլլո», «Խասուրո Գրուպ», «Էդ Ընդ Էմի», «Զեթ Ընդ Զեթ», «Գոլդուեյ», «Արեգ-Նարեկ», ԱՁ Վ. Հովհաննիսյան:

Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև մի քանի տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել նշված ոլորտում: Տևական ժամանակ հանձնաժողովի մասնագետները, օգտվելով այս կամ այն տաքսի ծառայությունից, բացահայտել են խաբեության տասնյակ դեպքեր: Այսպես, մեքենաների ներսում տեղադրված տաքսոմետրի վրա 1 կմ գին որպես կանոն նշված է 100 դրամ, իսկ ծառայության համար նվազագույն պարտադիր վճար՝ 600 դրամ, որը ենթակա է փոփոխման՝ սկսած 6 կիլոմետրից: Հարուցված վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ ուղևորափոխադրման ընթացքում տաքսոմետրի վրա նշված 600 դրամ նվազագույն պարտադիր վճարը փոփոխվում է՝ արդեն սկսած 2.1 կմ-ից, ինչպես օրինակ «Փինկ» տաքսի ծառայության դեպքում: Նման կերպ, հանձնաժողովի մասնագետները պարզել են, որ, ասենք, ««Տաքսի Մանանդ», «Մեծն Կայզեր», «Էդ Ընդ Էմի» և «Կապոլլո» տաքսիների դեպքում նվազագույն պարտադիր վճարը 6 կմ-ի փոխարեն փոխվում է 4.1 կմ-ից: Մի շարք դեպքերում էլ ուղևորները ընդհանրապես տեղեկացված չեն եղել տաքսի ծառայության սակագներից, քանի որ, ինչպես օրինակ, «Զոլոտոյ Դյուկի» դեպքում ավտոմեքենայի արտաքին մասում և սրահում սակագնի և այլ պայմանների մասին որևէ տեղեկատվություն չի նշվել: Մեքենայի ներսում առկա չի եղել նաև տաքսոմետր: Ստացվում է, որ 1 կմ-ի համար սահմանված ուղեվարձը իրականում ոչ թե 100 դրամ է, ինչպես հայտարարվում է վերջինների կողմից, այլ՝ 120-ից 150 դրամ:

Օրենքի խախտման փաստն այս դեպքում ակնհայտ է. ընկերությունների կողմից ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման ընթացքում ծառայության արժեքի և բոլոր էական պայմանների վերաբերյալ լիարժեք տեղեկություններ սպառողներին չեն ներկայացվել, ինչը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Հանձնաժողովը համեմատաբար մեղմ մոտեցում դրսևորեց՝ հաշվի առնելով հիմնականում 2 հանգամանք՝ որպես օրինախախտ, ընկերությունները առաջին անգամ են հայտնվում ՏՄՊՊՀ դիտակետում, և ռեսուրսների սահմանափակության պատճառով ուսումնասիրությունը կատարվել է ընտրանքային կերպով. խախտումներ է բացահայտվել բոլոր այն ընկերությունների մոտ, որտեղ անցկացվել են դիտանցումներ: Սակայն,միայն Երևան քաղաքում գործում են հարյուրավոր տաքսի ծառայություններ: Հետևաբար այն ընկերությունները, որոնք հանձնաժողովի տեսադաշտում չեն հայտնվել, ստացվում է, որ դուրս են մնում պատասխանատվությունից: Այլ կերպ ասած՝ հանձնաժողովի նման մոտեցումը պայմանավորված է նաև նրանով, որ տնտեսվարողների հանդեպ չկիրառվի խտրական մոտեցում:

Կարդացեք նաև

ՏՄՊՊՀ-ը շարունակելու է ուսումնասիրությունները այս ոլորտում և լինելու է հետևողական, որպեսզի խախտումները վերացվեն: Այնուհանդերձ, ուսումնասիրելով նաև միջազգային փորձը, ՏՄՊՊՀ-ն գտնում է, որ, օրենսդրությամբ պետք է սահմանվեն հստակ պահանջներ, որոնք կպարտադրեն, որպեսզի տաքսի ծառայությունները լիարժեք և ամբողջական տեղեկատվություն տրամադրեն իրենց պատվիրատուներին: Այլապես ստացվում է, որ ծառայության արժեքը հայտարարվում է 1 կմ-ի համար 100 դրամ, սակայն այլ չհրապարակվող պայմանների հետևանքով 1 կմ-ի գինը իրականում դառնում է շատ ավելի:

Հանձնաժողովն այս ուղղությամբ իր առաջարկները այսօր արդեն կուղարկի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով:

ՏՄՊՊՀ լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս