Շարմազանով. Ապագա սերունդների և մեր պետության շահը պահանջում է, որ մենք վավերցնենք այս պայմանագիրը
ԱԺ-ում «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցի քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով ընդդիմության հնչեցրած քննադատություններին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե մի քանի ժամ է՝ խորհրդարանում քննարկվում է այդ հարցը, և բնական է՝ ստեղծված բուռն, «որոշ դեպքերում զգացմունքային» ելույթները:
«Բացի առարկայական, առողջ քննարկումներից ու քննադատություններից կան դեպքեր, որոնք հիշեցնում են ռուսական վետչէ, որտեղ ճշմարիտը նա է, ով ավելի բարձր է խոսում, ոչ թե նա, ով եղելությունն է ներկայացնում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ բացի կառուցողական քննադատություններից՝ կառավարության ու իշխանության հասցեինին հնչեցին նաև տարբեր մեղադրանքներ՝ պետական դավաճանությունից մինչև քրեական հետապնդում, նույնիսկ զուգահեռներ անցկացվեցին Կարսի պայմանագրի հետ: Նման տրամաբանությամբ, ըստ Է. Շարմազանովի, գուցե պետք է հղում արվի Բաթումի, Ալեքսանդրապոլի պայմանագրին ու մինչև Արտաշատի պայմանագիր, որը կնքվել էր Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև:
«Կարծում եմ՝ սա լուրջ չէ,- շեշտեց Շարմազանովը՝ հիշեցնելով,- Կա ՍԴ-ի որոշումը, և իրավական պետությունում ՍԴ-ի որոշումները մեկնաբանության ենթակա չեն, սա է փաստը, այլ ճանապարհ չկա: Լա՞վ է, թե՞ վատ, որ գազի գինը 270 դոլարից իջավ 189 դոլար, իսկ դրա այլընտրանքը 500, միգուցե 600 դոլա՞րն է: Խոսում են իմ հարգարժան գորընկերները կապիտուլյացիայից, ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին ՀՀ-ն ստանում է գազ, թե՞ որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք և 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է, որոշեք ինքներդ: Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայացնելիս առաջին հերթին հաշվի առնենք մեր յուրաքանչյուր քաղաքացու և ոչ թե այսօրվա, այլ սերունդների շահը:
Բոլորս այստեղ, համոզված եմ, առաջնորդվում ենք պետական շահով, իսկ այն պահանջում է մտածել ոչ թե միայն վաղվա, կամ մեկ օր հետո ընտրությունների մասին, կամ նախորդ ընտրությունների մասին, այլ ապագա սերունդների մասին: Իսկ ապագա սերունդների և մեր պետության շահը պահանջում է, որպեսզի մենք վավերցնենք այս պայմանագիրը»:
Նաև ասաց. «Խոսեցին այստեղ ընտրությունների մասին, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չէր բռնում, որպեսզի մասնակցեիք նախագահական ընտրություններին»: