Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին
Երեկ, 2013 թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այն մասին, որ Աբովյանի զինվորական կոմիսարիատում տասնյակ զորակոչիկներ եւ նրանց հարազատներ ստիպված են եղել ժամերով սպասել դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց թույլ չեն տվել սպասել ներսում եւ ներս են հրավիրել հերթով:
Գտնում ենք, որ սա մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է զորակոչիկների եւ նրանց ուղեկցող հարազատների նկատմամբ:
Հետեւաբար, պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝ հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար:
Իսկ նման վերաբերմունք ցուցաբերած աշխատակիցներին ենթարկել պատասխանատվության:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ