Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի կապակցությամբ կանցկացվեն հոբելյանական մի շարք միջոցառումներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Այնուհետև հանձնաժողովը քննարկել է այն հոբելյանական միջոցառումները, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերից և կանցկացվեն հաջորդ տարվա ընթացքում:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ արդեն իսկ դեկտեմբերի 23-ին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հոբելյանական համերգ:
2014 թ.-ին Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում ևս կանցկացվի հոբելյանական համերգ, իսկ Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում՝ մեծարման երեկո: Տարբեր երգչախմբերի, 800 երաժիշտների մասնակցությամբ հաջորդ տարվա ամռանը նախատեսվում է կազմակերպել ՀՀ պետական հիմնի, «Էրեբունի-Երևան» խմբերգերի կատարում, որը կլինի անվանի մաեստրոյի մեծարման գլխավոր իրադարձություններից մեկը:
2014 թվականի ընթացքում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, սփյուռքի երգչախմբերի հետ համատեղ համերգ, կառավարության աջակցությամբ կհրատարակվի «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, կկազմակերպվի «Հովհաննես Չեքիջյան» ֆիլմի դիտում և դասական երաժշտության համերգ: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կբացվի մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, կպատրաստվեն տարբեր հեռուստահաղորդումներ՝ նվիրված մեծանուն արվեստագետին:
Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ: