Նաիրա Զոհրաբյանը Արմեն Մովսիսյանին ցույց տվեց իր տեղը՝ հիշեցնելով Տիմոշենկոյի գտնվելու վայրը

«Պարոն նախարար, Դուք ճիշտ չեք ասում, որ չեք հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ էնէրգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Նա նախարարին հիշեցրեց իր նախորդ հայտարարությունները, որտեղ նա բազմիցս հայտարարել է, թե գազի գինը ՀՀ-ում թանկանում է:

«2012 թ. փետրվարի 17-ին Ձեր ասուլիսում Դուք հայտարարել եք, որ չի բարձրանալու, բայց հարցս դրան չի վերաբերում, Դուք ընթերցեցիք այս վասալային պայմանագրի միայն չեզոք հատվածները: Ես ընթերցեմ մեկ-երկու համառոտ հատված. «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումն իրականացնում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որևէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցման:

Հիմա հայկական կողմը երաշխավորո՞ւմ է, որ մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ՀՀ ապագա օրենքները, որոշումները, հրամանագրերը և այլ նորմատիվ իրավական ակտերը չեն փոփոխվի, չեղյալ չեն համարվի»,- հարցրեց նա: Նաիրա Զոհրաբյանը ընթերցեց ևս մեկ հատված, ըստ որի՝ հայկական կողմի ներկայացուցիչը իրավունք ունի որպես առանց ձայնի դիտորդ ներկա գտնվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստերին:

Այս առնչությամբ ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց. «Ուզում եմ հարցնել, այս կառավարությունը հասկանո՞ւմ է ռազմավարական գործընկերոջ և վասալի միջև եղած տարբերությունները: Դուք տեղյա՞կ եք արդյոք՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ինչի համար է այսօր դատապարտված: Նա իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու համար է դատապարտված և դրա որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար: Միանշանակ Ձեզ և ձեր կառավարությանը քրեական պատասխանատվություն է սպասվում, եթե ոչ այսօր՝ ապա վաղը, դրանում մեկ րոպե անգամ կարող եք չկասկածել»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Ի պատասխան Արմեն Մովսիսյանն ասաց, թե կառավարությունը շատ լավ հասկանում է պատգամավորի մատնանշած տարբերությունները և չի գտնում, որ այս պայմանագիրը, այս համաձայնագիրը «վասալի պարտավորություններ է իր մեջ ներառում է»: Դիմելով Նաիրա Զոհրաբյանին նա խնդրեց. «Կխնդրեի ուղղակի պայմանագիրը ուշադիր մինչև վերջ կարդալ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց՝ նշելով, թե ոչ միայն իրենք, այլև՝ ժողովուրդը, պայմանագիրը կարդացել են. «Պայմանագիրը կարդացել ենք ոչ միայն ես, այլև ՀՀ քաղաքացիները, որոնց ներկայացուցիչներն այս պահին Բաղրամյան մուտքի մոտ կոչ են անում խորհրդարանական մեծամասնությանը չվավերացնել այն քրեական պատասխանատվություն ենթադրող այս վասալային համաձայնագրերը և չմտնել նման խայտառակ պատասխանատվության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս