Նաիրա Զոհրաբյան. Գոնե մեկ անգամ ՍԴ-ն չպետք է խառնվի քաղաքական խաղերին

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կազմակերպված «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» այսօրվա երթից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ուրախ են երթի մասնակիցների շարքերում տեսնել ոչ միայն երիտասարդներին, ում վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչը, այլև` տարեց մարդկանց:

«Մենք շատ հպարտ ենք, որ այսօր այստեղ հավաքվել են ոչ միայն այն երիտասարդները, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար և ում հնարավոր չէ խաբել կեղծ խոստումներով և ում գործատերերը չեն կանչում համապատասխան տեղեր ու ասում` դու դարձիր այս խայտառակ շոուի մասնակիցը, հայտարարիր, որ քեզ վրա ես վերցնում այդ մասնահատման գումարը, այլ նաև մեր տարեց հայրենակիցները, ովքեր եկել են պայքարելու մեր երկրում իրավունքի գերակայության համար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հորդորեց չհավատալ որևէ կեղծ խոստման, թե որևէ գործատու դեմ կգնա բիզնեսի օրենքներին և իր գրպանից տարիներ շարունակ կվճարի աշխատողների փոխարեն:

«Դա խայտառակ, անամոթ խաբերություն է,- գնահատեղ ԲՀԿ խմբակցության քարտուղարը, ապա շարունակեց,- Եթե այդպես է, թող այդ գործատուները պայմանագիր կնքեն աշխատողի հետ` իրավահաջորդության սկզբունքով: Մոլորություն է, որ դուք` քաղաքական ուժերի հետ միասին, ովքեր գտնում են, որ օրենքը պետք է կասեցվի, չհավաքվեք այստեղ ու չպայքարեք ձեր, մեր, բոլորի իրավունքների համար»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է դիմում-բողոքին, որը երթի մասնակիցները հանձնեցին Սահմանդրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել օրենքը, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Գոնե մեկ անգամ ՍԴ-ն չպետք է խառնվի քաղաքական խաղերին, չպետք է իր վրա ընդունի ամենաբարձր մակարդակով արված մեսիջները և պետք է կայացնի որոշում հանուն Հայաստանի Հանրապետության»:

Տեսանյութեր

Լրահոս