Սնոուդենը ցանկանում է Ռուսաստանից տեղափոխվել Բրազիլիա
Բրազիլական Folha de S. Paulo թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Բրազիլիայի իշխանություններին խոստացել է օգնել ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսական գործունեության հետաքննման հարցում:
Դրա դիմաց Սնոուդենը հուսով է, որ քաղաքական մշտական ապաստան կստանա Բրազիլիայում: Սնոուդենը վստահեցրել է, որ բրազիլացի պատգամավորները քանիցս դիմել են իրեն՝ խնդրելով պատմել Բրազիլիայի տարածքում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեության մասին:
Սնոուդենն ընդգծել է, որ դեռ չի կարող օգնել, քանի որ ամերիկյան իշխանությունները սահմանափակում են իր ազատ տեղաշարժը: Ավելի վաղ Սնոուդենի բացահայտումների շնորհիվ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը: