Հայաստանը Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2013»-ում 94-րդն է

Transparency International միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպությունը հրապարակել է Corruption Perceptions Index (Կոռուպցիայի ընկալման ինդեքս) ամենամյա զեկույցը: Դրանում տեղ է գտել 177 երկիր:

«Ամենամաքուր» երկրներ են ճանաչվել Դանիան ու Նոր Զելանդիան, որոնք 100 հնարավոր միավորից վաստակել են 91 միավոր: Երրորդ և չորրորդ տեղերը կիսել են Ֆինլանդիան ու Շվեդիան, որոնք ունեն 89-ական միավոր:

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Նորվեգիան (86 միավոր), Սինգապուրը (86 միավոր), Շվեյցարիան (85 միավոր), Նիդերլանդները (83 միավոր), Ավստրալիան (81 միավոր) ու Կանադան (81 միավոր):

Ամենակոռումպացված երկրներ են ճանաչվել Սոմալին, ԿԺԴՀ-ը և Աֆղանստանը, որոնք ստացել են 8-ական միավոր: Ցուցակի ստորին հատվածում են գտնվում նաև Սիրիան, Լիբիան, Հայիթին, Իրաքը, Սուդանը, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը (միջինասիական այս երկրները 17 միավորով կիսում են 168-րդ տեղը):

Գերմանիան 12-րդն է՝ 78 միավոր, Մեծ Բրիտանիան՝ 14-րդը՝ 76 միավոր, Ճապոնիան 18-րդը՝ 74 միավոր, ԱՄՆ-ը՝ 19-րդը՝ 73 միավոր, Ֆրանսիան՝ 22-րդը՝ 71 միավոր, Իտալիան՝ 69-րդը՝ 43 միավոր, Չինաստանը՝ 80-րդը՝ 40 միավոր:

Հետխորհրդային երկրներից առաջատարները Բալթյան երկրներն են. Էստոնիան 68 միավորով զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, Լիտվան 57 միավորով 43-րդ տեղում է, իսկ Լատվիան 53 միավորով 49-րդ տեղում է: Բելառուսը 123-րդն է՝ 29 միավոր, իսկ Ռուսաստանը 28 միավորով զբաղեցրել է 127-րդ տեղը: Ուկրաինան 25 միավորով 144-րդն է, իսկ Ղազախստանը 26 միավորով 140-րդն է:

Հայաստանը 36 միավորով 94-րդ հորիզոնականը կիսում է Ալժիրի, Բենինի, Կոլումբիայի, Ջիբութիի, Հնդկաստանի, Ֆիլիպինների ու Սուրինամի հետ (նախորդ տարի Հայաստանի ցուցանիշը կազմել է 34 միավոր):

Հայաստանի հարևաններից Թուրքիան 50 միավորով զբաղեցրել է 53-րդ տեղը, Վրաստանը 49 միավորով 55-րդն է, Ադրբեջանը 28 միավորով 127-րդն է, Իրանը 25 միավորով 144-րդն է:

Զեկույցի համաձայն, երկրների գրեթե 70 տոկոսը լուրջ խնդիրներ ունի՝ կապված կոռուպցիայի հետ: Ընդ որում, 2013 թվականին ոչ մի երկրի չի հաջողվել հավաքել 100 միավոր:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվում կոռուպցիոն գործունեության տարբեր ձևեր` ներառյալ չինովնիկների կողմից կաշառք վերցնելը, պետպատվերների կատարումից շահույթի բաշխմանը պաշտոնատար անձանց մասնակցելը, բյուջետային միջոցների անբարեխիղճ օգտագործումը:

Հաշվի է առնվում նաև կառավարության հակակոռուպցիոն գործունեությունը: Տեղեկությունները հավաքվում են հարցումների ու փորձագետների հարցազրույցների օգնությամբ: Transparency International-ը Corruption Perceptions Index-ը հրապարակում է 1995 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս