Բաժիններ՝

Թոնի Մորոյան. «Ես միշտ գավաթը լեցուն կուզեմ տեսնել, ոչ թե՝ կեսը դատարկ»

Ասում է «Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության և «Վիասֆեր» տեխնոպարկի հիմնադիր- նախագահ, Panarmenian Bank-ի և Candle նախագծի խորհրդի անդամ, «ԱրմԹեք» կոնգրեսի համահիմնադիր և համանախագահ, ամերիկահայ գործարար Թոնի Մորոյանը

– Դուք հարուստ կենսագրություն ունեք` «ԱրմԹեքի» համահիմնադիր, «Վիասֆեր» տեխնոպարկի հիմնադիր-նախագահ, տասնյակ ընկերությունների հիմնադիր և խորհրդի անդամ, և այլն: Հասկանալի է, որ այդ ամենն ինչ-որ մի տեղից եք սկսել: Կպատմե՞ք՝ ինչպե՞ս եք սկսել Ձեր կարիերան:

– Ես ծնվել եմ Լիբանանում, բայց սովորել եմ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բերքլիի համալսարանում: Այնտեղ մաթեմատիկա եմ սովորել, ինչպես նաև ֆիզիկայի ուղղությամբ եմ շարունակել ուսումս:

Մագիստրոսական կոչումն էլեկտրոնային ճարտարագիտություն և համակարգչային գիտություն ուղղությամբ եմ սովորել: Այսպիսով ֆիզիկա-մաթեմատիկա, էլեկտրոնային ճարտարագիտություն և համակարգչային գիտության ուղղություններով եմ սովորել, որն իրականում ինձ շատ է օգնել, քանի որ մաթեմատիկայի շնորհիվ հետագայում կարողացել եմ դեպի լեզվաբանություն գնալ, համակարգչային ճարտարագիտություն, ծրագրավորում և այլն սովորել, իսկ էլեկտրոնային ճարտարագիտության և ֆիզիկայի գիտելիքներն ինձ օգնեցին սարքավորումներ պատրաստելու` կիսահաղորդիչներ սարքելու գործում: Այսպիսով, այս բոլոր գիտելիքների շնորհիվ` ինձ համար բավական հեշտ է հասկանալ ցանկացած համակարգ. էլեկտրոնային համակարգեր, ինժեներություն, բարձր տեխնոլոգիաներ…

Կարդացեք նաև

Կիսահաղորդիչները շատ կարևոր են, քանի որ դրանց կարողությունների շնորհիվ են հետագայում iPhone-ը և այլ սարքերը ստեղծվել, դրանք բոլորը հիմնված են կիսահաղորդիչների վրա: Այսպես, Բերքլին վերջացնելուց հետո Texas Instruments ընկերությունում ընդունվեցի աշխատանքի: Ժամանակին` 60-70-ական թվականներին, այն շատ մեծ ընկերություն էր և շատ զորավոր (հզոր) նորություններ էր բերում շուկա:

– Այդ նորություններից որևէ մեկը կնշե՞ք:

– Այդ ընկերությունը (Texas Instruments-ը.- Լ.Մ.) օրինակ, կիսահաղորդիչների մեջ շատ-շատ զորավոր էր, և հնարել էր աշխարհում ամենաշատը վաճառվող միկրոչիպը, որը նախատեսված էր համակարգչի համար, այն Intel կորպորացիայից ավելի առաջ էր վաճառքի քանակով: Կարծեմ` 70-ականների սկիզբն էր, երբ ընդունվեցի Texas Instruments ընկերություն և չցանկացա ինժեներություն անել, ավելի ռազմավարական գործերով էի ցանկանում զբաղվել, քանի որ շատ էի սիրում աշխարհը, շուկաները և մարդկանց հետ շփումն ու հաղորդակցվելը, բացի այդ, նորություններ ստեղծելն ու հետաքրքիր գաղափարներ առաջարկելը, ընկերության տեսլականը առաջ քաշել, և այլն, ինձ նման բաներն էին հետաքրքրում, այլ ոչ թե համակարգչի մոտ ողջ օրը նստելն ու ծրագրավորելը:

Բայցևայնպես, սկզբում ինձ մի խմբի մեջ դրեցին, և ես սկզբում պետք է ապացուցեի, որ շատ զորավոր ծրագրող եմ, թե չէ որևէ մեկն ինձ չէր հարգի, քանի որ ընկերությունը շատ զորավոր ընկերություն էր, ու պետք է ցույց տայի սկզբում իմ տեխնիկական գիտելիքները, հետո նոր խոսեի, որպեսզի այդ հզոր ընկերության մեջ իմ խոսքն արժեք ունենար, և հարգեին ինձ: Այսպիսով, առաջին բանը, ինչի վրա սկսեցի աշխատել, 16 բիտանոց միկրոպրոցեսորի վրա աշխատանքն էր, որը համարվում էր ամենաբարդը, քանի որ կային 4,8 և 16 բիտ, ես սկսեցի աշխատել 16 բիտ-ով աշխատող միկրոպրոցեսորի տարբերակի վրա, որը շատ կարևոր էր, քանի որ հենց դրանով սկսեցին ստեղծվել, օրինակ` PC-ները (Personal computer-անհատական համակարգիչները.- Լ.Մ.), և այլն:

Ինձ ասել էին, որ, եթե հաջողություն ունենայի, ինձ առաջընթաց էր սպասվում: Այսպիսով ես այդ ամենի վրա աշխատեցի երեք տարի, և ամեն բան շատ հաջող էր, նոր բաներ սկսեցինք ստեղծել, օրինակ` առաջին միկրոալիքային վառարանը, որի մեջ այժմ շատերը կերակուր են տաքացնում, և այլ սարքեր, դրանք մենք այդ ժամանակ հնարեցինք:

Այսինքն` այդ կիսահաղորդչային սարքերի տեխնոլոգիաները լայն տարածում սկսեցին գտնել, որի արդյունքում համակարգիչների գներն իջան, և եթե առաջ միայն երկրները կարող էին իրենց թույլ տալ, օրինակ` համակարգիչ գնել, քանի որ դրանք բավականին թանկ էին, ապա այժմ համալսարաններն ու դպրոցներն ունեն իրենց անհատական համակարգիչները, ու նաև մարդիկ իրենց տանը մեկ կամ մի քանի համակարգիչ ունեն:

Հետագայում արդեն բջջային հեռախոսներն ու սմարթֆոններն առաջ եկան, պլանշետները ստեղծվեցին և այլ սարքեր: Այսպիսով, գնալով բոլոր շուկաները բացվեցին, իսկ ինձ ընկերության ռազմավարական խմբի մեջ ներառեցին, և մենք որոշում էինք, թե ինչ պետք է սարքել, մարդիկ ինչի կարիքն ունեն, և այդպիսով ստեղծեցինք նոր շուկաներ: Այդ ժամանակ մենք կիսահաղորդիչներ էինք ստեղծում սարքերի համար, որոնք տասը, տարուց կամ գուցե ավելի ուշ նոր պետք է ստեղծվեին: Այսինքն` կիսահաղորդիչ ստեղծելիս, պետք էր հասկանալ, թե 15-20 տարի հետո ինչ նոր գործիքներ պետք է աշխարհում հայտնվեն, որոնք դեռ գոյություն չունեն:

13 տարի ես աշխատեցի Ամերիկայում, այնուհետև Եվրոպա գնացի և աշխատանքային առաջընթաց ունեցա: Ինձ ուղարկեցին Հարավային Ֆրանսիա, որպեսզի այնտեղի շուկաներն էլ զարգացնեինք: 80-ականների մոտ վերադարձա ԱՄՆ և այնուհետև միացա ճապոնական «Հիտաչի» ընկերությանը: Այդ ժամանակ «Հիտաչին» Ամերիկայի մեջ հզոր խմբեր չուներ` ծրագրավորողների և այլն, և այսպիսով ինձ հրավիրեցին, որպեսզի իմ փորձը կիրառեի ընկերության առաջխաղացման համար`հաճախորդների հետ հարաբերություն, հանրային կապերի, մարքետինգային քայլերի իրականացման և այլ հարցերի համար, և այդպիսով ես 13 տարի «Հիտաչի» ընկերությունում աշխատեցի, որը թողեցի 1996թ. և սկսեցի ընկերություններ ստեղծել:

– Քանի՞ ընկերություն եք ստեղծել, գիտեմ, որ դրանց թիվը շատ է:

– Ընկերությունները շատ են, և շատ բազմակողմանի ընկերությունների մեջ եմ եղել: Մեկ ընկերությունը, որ ունեի, 1999թ. մոտ էր, առաջին E-book-ը (electronic book- էլեկտրոնային գիրքը) սարքեցինք Microsoft-ի հետ և այլն, այնուհետև ճապոնական Sharp կորպորացիայի առաջին սմարթֆոնները սարքեցինք, Tablet PC-ները սարքեցինք, որն այնուհետև iPad դարձավ, նմանատիպ սարքեր ստեղծեցինք: Այսպիսով, սկզբում «Հիտաչիից» դուրս գալուց հետո երեք ընկերություններ ստեղծեցի, որոնք շատ լավ հաջողություններ ունեցան, իսկ հետագայում արդեն իմ ստեղծած նորաստեղծ ընկերությունների թիվը շատացավ, ու տասնյակ ընկերություններ ստեղծեցի, բացի այդ, բազմաթիվ ընկերությունների էլ օգնեցի իրենց առաջխաղացման հարցում:

Այժմ, օրինակ, ինձ առաջարկեցին Հայաստանում մի քանի խորհուրդների կազմում ընդգրկվել, օրինակ`Panarmenian Bank (Համահայկական բանկի), որը ձեռնարկությունների զարգացման բանկ է. սա Հայաստանում նոր տեսակի ֆինանսական կառույց է, որի նպատակն է` միջազգային ֆինանսական կազմակերպություններից և զարգացմանն ուղղորդված մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ և իրականացնել մասնավոր ձեռնարկությունների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի ֆինանսավորում: Երկրորդը Candle ծրագրի խորհրդում եմ նաև ընդգրկված, իհարկե՝ որպես կամավոր:

Այս երկուսի խորհուրդների ցանկը վավերացված է ՀՀ նախագահի կողմից, ուրիշ ընկերությունների ղեկավար կազմում էլ եմ ընդգրկված: Կարևորն այստեղ ներդրումներ բերելն ու Հայաստանը զարգացնելն է ու ընկերություններ կազմելը, ես դրանց ուղղությամբ եմ աշխատում:

– Նաև «ԱրմԹեքի» համահիմնադիրն եք, որը հնարավորություն է տալիս Հայաստանը ներկայացնել միջազգային շուկաներին: Ինչպե՞ս սկսվեց այդ ամենը:

– Իրականում թիվ մեկ խնդիրը Հայաստանը միջազգային շուկաներին ներկայացնելն էր, մանավանդ՝ Սիլիկոնային հովտում: Առաջ Հայաստանը չգիտեին, որովհետև Հայաստանը Խորհրդային Միության մաս էր կազմում, և միայն միության կազմում գիտեին:

Երբ ասում էինք` Արամ Խաչատրյան, հարցնում էին` սովետական կոմպոզիտոր էր, չէ՞, և ոչ միայն նա, այլև Այվազովսկիի, Միկոյանի, Համբարձումյանի և այլ նշանավոր հայերի մասին խոսելիս` Խորհրդային Միությունն էին մատնանշում: 1991թ., երբ Հայաստանն ազատագրվեց, առաջին համաժողովին եկա այստեղ` Հայաստան, այդ ժամանակվանից սկսեցինք Հայաստանը ներկայացնել Սիլիկոնային հովտում, քանի որ դա ամենակարևոր վայրերից մեկն է, և, եթե այդտեղ ընդունվես, և ճանաչեն քեզ այդտեղ, ապա ամբողջ աշխարհը կիմանա քո մասին:

Այսպես վենչուրային կապիտալով տարբեր հիմնադրամների ներկայացրեցինք մեր ծրագրերը, հետո կառավարական անձանց տարանք ԱՄՆ, որպեսզի այնտեղի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների խորհուրդներին ներկայացնեինք մեր երկիրը, որպեսզի Հայաստանը ճանաչեին որպես առանձին երկիր` իր հնարավորություններով հանդերձ, հետաքրքրվեին Հայաստանով և գային ներդրումներ կատարելու համար, իսկ դա նշանակում էր` նոր ընկերությունների ստեղծում և նոր աշխատատեղերի բացում:

Մեծ ընկերությունների համար Հայաստան գալը դժվար է: Օրինակ, այնպիսի ընկերություն, ինչպիսին Synopsys-ն է, գնեց Ամերիկայում գործող ընկերությունների մասնաճյուղերը, որոնք Հայաստանում էին, և այդպիսով եկավ Հայաստան: Սա լավագույն ձևն է, և այս կերպ շատ ընկերություններ եկան Հայաստան: Հայաստանն աշխարհին ներկայացնելու որպես մեկ այլ ձև` մենք ընտրեցինք, այն է՝ ամերիկյան և եվրոպական հայտնի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին Հայաստան բերելը:

Այսկերպ ոչ միան տուրիզմին կարելի էր օգնել, այլև նպաստել հայաստանյան ՏՏ ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը: Օրինակ, ես միշտ փորձում եմ ինձ հետ այս ոլորտի որևէ մի հայտնի ընկերության ներկայացուցչի բերել Հայաստան: Բերել եմ Իտալիայից, Հոլանդիայից և այլ երկրներից: Սակայն այս ամենը կարծես թե քիչ է, և մտածում էինք, թե ինչպե՞ս կարող ենք շատ ավելի ուժեղ ձևով Հայաստանը ներկայացնել:

Այդպիսով 2005թ. ստեղծվեց «ԱրմԹեքի» գաղափարը: «ԱրմԹեքը» կազմակերպելու նախապատրաստական աշխատանքները տևեցին շուրջ 2 տարի, իսկ 2007թ. հուլիսի 4-ին` ԱՄՆ-ի Անկախության օրը, տեղի ունեցավ առաջին «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիական համաժողովը, որը շատ հաջող ընթացք ունեցավ:

– Արդեն մի քանի տարի է՝ տեղի է ունենում «ԱրմԹեքը», այս տարիների ընթացքում, որպես տեխնոլոգիական այս համաժողովի ձեռքբերում, ի՞նչն եք առանձնացնում: Հայաստանը` որպես առանձին երկիր, ճանաչո՞ւմ են արդեն՝ թեկուզև հենց նույն Սիլիկոնային հովտում:

– Կուզեմ նախ` նշել, որ ես շատ այլ բաներով եմ զբաղվում, և «ԱրմԹեքը» կյանքս չէ: «ԱրմԹեքը», ճիշտ է, շատ ժամանակատար է, բայց փոքրիկ գործ է, Հայաստանի հետ կապված ես շատ այլ բաներ եմ կատարել, ընկերություններ եմ հիմնադրել, և այլն, «ԱրմԹեքն» ավելի շատ խմբային գործ է` ինչպես «հարձակվել» աշխարհի վրա և ներկայացնել Հայաստանն աշխարհին: Իրականում «ԱրմԹեքը» մի քանի նպատակ ունի, և թիվ մեկ նպատակը համահայկական ցանց կամ համահայկական էլեկտրոնային ցանց ստեղծելն է, քանի որ շատ կարևոր է, որ սփյուռքը և Հայաստանն իրար հետ համագործակցեն, և այդպիսով մենք զորավոր կլինենք: Այս տարիներին մեզ հաջողվել է շատ տարբեր տեղերից մարդիկ բերել համաժողովին և հետաքրքրություն առաջացնել մարդկանց շրջանում, ու շատ մարդիկ տարբեր երկրներից սկսեցին Հայաստան գալ:

Մեր երկրորդ նպատակը Հայաստանն աշխարհին ծանոթացնելն է, իսկ համահայկական ցանցի պարագայում` յուրաքանչյուր հայ տեղում կարող է ներկայացնել Հայաստանը և ներդրումներ բերել: Բացի այդ, մեր նպատակներից մեկը, որը շատ կարևոր է, Հայաստանի կառավարությանն օգնելն է, որ երկրի օրենսդրությունը և մթնոլորտն այնպես կազմակերպեն, որպեսզի մարդկանց համար ընդունելի լինի Հայաստանում ներդրումներ կատարելը:

– Որքանո՞վ է այժմ Հայաստանը գրավիչ դրսի ներդրողների համար:

– Գրավիչ է, սակայն դեռ շատ խոչընդոտներ կան, որոնք, եթե չհարթվեն, դժվարություններ պետք է ունենանք Հայաստանում, արդեն կառավարությունն աշխատում է այս ուղղությամբ, և շատ ավելի արագ քայեր պետք է կատարենք:

– Արդեն 10 տարուց ավելի է` ՏՏ ոլորտը ՀՀ-ում գերակա ճյուղ է հայտարարված: Ինչպե՞ս եք այս ընթացքը և հնարավոր ապագան գնահատում, ի՞նչ խորհուրդներ կտաք:

– Անշուշտ, ես Հայաստանը սիրող մեկն եմ, դա շատ կարևոր է, Հայաստանն ինձ համար շատ հարգելի բան է, թե գաղափարը, թե անունը, և թե երկիրը: Սրբազան մի բան է` դեռ մանկուց հայրենասիրության կարևորությունը գիտակցելով եմ մեծացել, հատկապես, որ ծնողներս ջարդերուն որբեր են եղել: Ուրեմն հայկականությունն ինձ համար շատ զորավոր բան է: 1991թ. էր, երբ եկա Հայաստան, և սիրահարվելուց ավելիի էր այդ զգացողությունն ինձ համար, և այսպես, արդեն 20 տարի է` գնում և գալիս եմ ու այստեղ նաև աշխատում եմ: Ես միշտ պատկերավոր եմ ասում, որ կարող ենք գավաթը կեսը լեցուն տեսնել, և կեսը` դատարկ, ես միշտ գավաթը լեցուն կուզեմ տեսնել, ոչ թե` կեսը դատարկ, ուստի ինձ համար կարևոր է` դրական ձևով նայել հարցերին և լուծումներ հայթայթել:

Ուստի, Հայաստանի հետ կապված իմ մտածումները ոչ թե մտահոգություններ են, այլ մարտահրավերներ, և քանի որ Հայաստանը բնական հարստություններ չունի և Հայաստանը փոքրիկ շուկա է և ներքին շուկա չունի, ուստի շատ կարևոր է ռազմավարական գործնական ծրագիր ունենալը: Այս առումով շատ կարևոր է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մարդկանց թվի ավելացումը, բացի այդ, առաջատար ոլորտներում մրցակցելը, այսինքն` մենք պետք է առաջնակարգ ծրագրերի և սարքավորումների մասերի վրա աշխատենք, քանի որ, հակառակ պարագայում` ընկերությունները կարող են շատ հեշտությամբ այլ երկրներ գնալ, մանավանդ, որ Հայաստանում մասնագետների քանակը մեծ չէ, ու կան շատ երկրներ, որոնք շատ ավելի ցածր աշխատավարձով կաշխատեն այս ոլորտում:

Այսպիսով, մենք ռազմավարական գործնական ծրագիր պետք է ունենանք, որը կներառի թե՛ կադրերի պատրաստում, և թե՛ ոլորտում աշխատավարձերի բարձրացում, սակայն չափ գոյություն ունի, եթե՛ շատ բարձրացնենք աշխատավարձերը, այլ երկրներ կգնան ընկերությունները, և այլևս չենք մրցակցի:

Բայց այդ օրենսդրություններն այստեղ մաքսային, մանավանդ` հարկային, դատական համակարգը և այլն, պետք է այնպես ստեղծել, որ եթե մեկը, ով գա այստեղ և ներդրում ցանկանա կատարել, շատ հստակ ձևով իմանա` ինչպես անել և ինչպես ինքն իրեն պաշտպանել և հաջողություն ունենալ, քանի որ, եթե ընկերությունները այստեղ չկարողանան իրենց ներդրումները վերադարձնել և շահույթ ունենալ, այստեղ չպետք է մնան: Մենք մեզ չպետք է խաբենք, և կկարծենք, որ մարդիկ այստեղ պետք է գան և այստեղ պետք է մնան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս