Թուրքիայի ու Իրանի միջև երկխոսությունը դառնում է ավելի կարևոր, քան եղել է երբևէ. Դավութօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել Իրանի Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, որում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ու Իրանը կազմավորում են տարածաշրջանի հենակետերը. «Թուրքիայի ու Իրանի միջև երկխոսությունը դառնում է ավելի կարևոր, քան եղել է երբևէ: Մենք պետք է աջակցենք փոխգործակցությանը՝ ընդդեմ էթնիկ ու դավանաբանական բախումների սպառնալիքների»:
Անդրադառնալով օրեր առաջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի կողմից Դիարբեքիր այցելելուն՝ Դավութօղլուն հայտարարել է, որ այդ այցը հենված է եղել խաղաղության վրա՝ հավելելով, որ իրենք ցանկանում են հիանալի հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Իրանը պլանավորել են մինչև 2020 թվականն ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: Դավութօղլուի խոսքերով՝ եթե վերացվեն այն բարդությունները, որոնց թուրքական ընկերությունները բախվում են Իրանում, ապա դա մեծ ներդրում կհանդիսանա տվյալ առաջադրանքի իրագործման մեջ: