Այս տարի Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 38 տոկոսով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի հիմնական առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է չորրորդ տեղը: 2013 թվականի առաջին 10 ամիսներին Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 591.6 միլիոն դոլար, ինչը կազմել է Վրաստանի ողջ ապրանքաշրջանառության 6.9 տոկոսը:
Այս մասին հայտնել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 38 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 131 միլիոն դոլար (արտահանման ընդհանուր ծավալի 5.7 տոկոսը), իսկ Ռուսաստանից Վրաստանի ներկրումը կազմել է 461 միլիոն դոլար (ընդհանուր ներկրման 7.3 տոկոսը):
Ապրանքաշրջանառության ծավալով Ռուսաստանը զիջել է Թուրքիային, Ադրբեջանին ու Ուկրաինային: Այս տարվա առաջին 10 ամիսներին Վրաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 1.2 միլիարդ դոլար (Վրաստանի արտաքին առևտրի ողջ շրջանառության 14.2 տոկոսը), Ադրբեջանի պարագայում այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 1.06 միլիարդ դոլար (ողջ շրջանառության 12.4 տոկոսը), իսկ Ուկրաինայի պարագայում՝ ավելի քան 629.1 միլիոն դոլար (7.3 տոկոս):
Առաջին տասնյակի մեջ են մտել Չինաստանը (497 միլիոն դոլար, 5.8 տոկոս), Գերմանիան (421.1 միլիոն դոլար, 4.9 տոկոս), Հայաստանը (392.5 միլիոն դոլար, 4.6 տոկոս), ԱՄՆ-ը (մոտ 332 միլիոն դոլար, 3.9 տոկոս), Բուլղարիան (286 միլիոն դոլար, 3.3 տոկոս), Ռումինիան (258 միլիոն դոլար, 3 տոկոս):
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի ողջ արտաքին շրջանառության ծավալը կազմել է 8.6 միլիարդ դոլար, ինչը 1 տոկոսով գերազանցում է 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: