Պուտինի այցը շոու է` ցույց տալու համար, որ Հայաստանն ամբողջովին մտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ծիրի մեջ
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ
– Ինչպես հայտնի է, դեկտեմբերին նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք այցը պայմանավորված է Հայաստանի անդամակցությա՞մբ Մաքսային միությանը:
– Իհարկե, կապն ակնհայտ է: Դրվում է սկսված գործընթացի վերջնակետը: Սեպտեմբերից սկսած՝ շատ ագրեսիվ կերպով Ռուսաստանը քաղաքականություն է վարում խորհրդային պետությունների առնչությամբ, մասնավորապես՝ այն երկրների, ովքեր ձգտում են Եվրամիության հետ իրենց կապերն ամրապնդել: ՌԴ-ն ուժով, սպառնալիքներով, տարբեր տեսակի ճնշումներով քայլ է անում ներքաշելու այդ պետություններին Մաքսային միություն, որի մասին որևէ պատկերացում դեռևս չկա, իսկ Հայաստանից պաշտոնյաներ կան, հայտարարում են, թե ուզում են հիմնադիրները լինեն մի կառույցի, որից տեղյակ չեն: Սա հաղթարշավի վերջն է` Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ Հայաստանն անմիջապես շրջադարձ կատարեց ու Մաքսային միության ձևավորման, ընդլայնման գործընթացում հայտարարեց իր ամենաակտիվ մասնակցության մասին: Ռուսաստանի, Եվրամիության համար շատ կարևոր երկիր էր Ուկրաինան, բայց Ռուսաստանը կարծես դա էլ, եթե չասենք` խափանեց, ապա երկարաձգեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը Եվրոպայի հետ: Պուտինի այցը, ըստ իս, շոու է` ցույց տալու համար, որ Հայաստանն ամբողջովին մտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ծիրի մեջ, ինչը շատ վտանգավոր է մեր սուվերենության սահմանափակման առումով: Եվ կարծում եմ, որ առաջիկայում կլինեն նաև անակնկալներ` կխոսվի նոր, երկարաժամկետ նախաձեռնությունների ստեղծման մասին:
– Պարոն Արզումանյան, բազմիցս խոսվեց այն մասին, թե Ռուսաստանն իբրև կորցրել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, այլևս հետաքրքրված չէ ՀՀ անդամակցությամբ: Արդյոք Վ. Պուտինի այցը գալիս է ապացուցելու հակառա՞կը:
– Չէ, ո՞վ է ասում, որ Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը: ՌԴ-ին Հայաստանը որպես տնտեսություն, անշուշտ, չի հետաքրքրում, Մաքսային միության մեջ Հայաստանը 0.1 տոկոս է իր ամբողջ ծավալներով ներկայացնելու: Ինչքան էլ խոսենք տնտեսական կառույցի մասին, սա աշխարհաքաղաքական խնդիր է, և Հայաստանը ՌԴ-ին հետաքրքրում է քաղաքական տեսանկյունից, ինչի հետևանքով վտանգվում է անկախությունը: Կարծում եմ` Հայաստանին որպես մոդել կիրառում են` ցույց տալու համար հետխորհրդային մյուս պետություններին, թե ինչ է սպասվում իրենց՝ Եվրամիության հետ կապերը սերտացնելու դեպքում: Սրանք աշխարհաքաղաքական նոր իրողություններում Ռուսաստանի վերջին ճիգերն են, որոնք միտված են վերականգնելու Ռուսաստանի դիրքերը՝ որպես համաշխարհային տերություն: Բայց ես վստահ եմ, որ այդ ճիգերը դատապարտված են կործանման:
– Չե՞ք կարծում, որ գնահատականները, թե Ռուսաստանը կարողացավ ազդել Հայաստանի, հիմա էլ՝ Ուկրաինայի վրա, նպաստում են «տերության վերականգնմանը»: Արդյունքում չի՞ ստացվում, որ Ռուսաստանն այնքան ուժեղ գտնվեց, որ հաղթեց Եվրոպային:
– Աշխարհը նոր զարգացումների միջոցով է անցնում, կլինեն նոր փոփոխություններ, և հարցը պետք չէ դիտարկել առանձին գերտերությունների մակարդակով: Մենք ունենք քիչ ինֆորմացիա, թե ի՞նչ է կատարվում, բայց այն, որ Ռուսաստանը մեզ օգտագործում է` հաստատ է: Սա PR քայլ է ՌԴ-ի կողմից՝ ցույց տալու իր հզորությունն այս տարածաշրջանում: Հիմա որքանո՞վ մենք կկարողանանք առաջնորդվել միասնական շահով, մնալ մեր սկզբունքներին, հետևել ժողովրդի ցանկություններին` ժամանակը ցույց կտա, բայց այն, որ որքան թույլ, տկար ռեժիմ է, այնքան հեշտ է պարտադրել որոշումներ կայացնել, միանշանակ է: Մենք այս պահին սպասարկում ենք ՌԴ աշխարհաքաղաքական նկրտումները, որոնք հաջողության չեն հասնելու` Մաքսային միությունը չունի երկարաժամկետ հեռանկար, Եվրասիական միությունն էլ մնալու է պրոյեկտ թղթի վրա:
– Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով:
– Քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Եվրոպան ինքն է «նվիրել» հետխորհրդային պետությունների կյանքը Ռուսաստանին: Համամի՞տ եք:
– Չէ, ես այդ կերպ չէի ասի: Եվրամիությունը կարող էր ավելի սկզբունքային լինել Ռուսաստանի կողմից տարվող գործընթացների դատապարտման ուղղությամբ, բայց ես կարծում եմ, որ Եվրոպան ժամանակավոր է զիջել իր դիրքերը: Հարցը միայն մի քանի հանրապետությունների ապագան չէ` մենք աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին ենք, և ամեն մեկը փորձում է իր դիրքերն ամրապնդել: Եվ ասել, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել… ես այդպես չեմ կարծում: Թե ինչ կլինի` ապագան ցույց կտա, զարգացումներն էլ սրընթաց են, այնպես չէ, որ երկրաժամկետ սպասման փուլ ենք մտնում:
– Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ զարգացումները սրընթաց են ընթանում: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ հայտարարել էր, թե մինչև փետրվար Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանը և Միացյալ տնտեսական տարածքին միանալու համաձայնագիրը, ինչպես նաև՝ ընդգրկվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացի մեջ: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է անդամակցության գործընթացն արագացվում:
– Ինձ համար դա անհասկանալի է: Հավանաբար մեր ստրատեգիական գործընկերոջ ճնշումն այնքան ուժեղ է, որ ստիպված ենք… Խոսքը գնում է մի քանի հարյուր փաստաթղթերի մասին, կան փաստաթղթեր, որոնք, հավանաբար, հակասության մեջ կմտնեն ՀՀ Սահմանադրության հետ, և ինչպե՞ս են պատրաստվում… դրանք պետք է քննարկվեն խորհրդարանում, ուղարկվեն ՍԴ: Ինձ համար միանգամայն անհասկանալի են նաև վերջին օրերի հայտարարությունները ու ցանկությունը՝ հիմնադիր դառնալու մի միության, որի մասին ոչինչ չգիտենք, չգիտենք՝ Պուտինն ի՞նչ է մտածում, ինչո՞ւ է դա նախաձեռնում, ու ես ունեմ մտահոգություններ, որ խոսքը ռուսական կայսրության նորովի վերստեղծման մասին է, ու, բնականաբար, այս գործընթացին նման ակտիվություն ցուցադրելը տարակուսանք է առաջացնում:
– ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում էր, որ ՄՄ հիմնադիր-անդամ պետություն լինելը միայն դրական է, և ավելին` այդ հարցում «բախտներս բերել է»: Լավ չէ՞ լինել հիմնադիր-անդամ՝ քան շարքային մասնակից:
– Լավ բանի անդամ լինելը լավ բան է… լավ միավորման, քաղաքակիրթ միավորման հենց միայն անդամ լինելն արդեն լավ բան է: Բայց ի՞նչ տարբերություն՝ վատ կառույցում շարքայի՞ն անդամ ես, թե՞ հիմնադիր անդամ: Եթե այդ վատ կառույցում սահմանափակվում է քո ինքնիշխանությունը, եթե քեզ անկախության տարրերից են զրկում, ապա ոչ միայն չարժե լինել, այլ ընդհանրապես չարժե լինել, մոտենալ էլ նման կառույցին պետք չէ: Վատ ակումբի անդամ լինելը վատ է, անկախ նրանից՝ հիմնադի՞ր անդամ ես, թե՞ ոչ:
– Անդրադառնանք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո հայտարարվեց, որ ԼՂՀ կարգավորման հարցում նրանք համաձայնության են եկել՝ բանակցություններին «նոր թափ» հաղորդել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սա նշանակում:
– Որևէ գաղտնիք չկա, որ երկու տարիների ընթացքում բանակցային գործընթաց չի եղել: Այն պահից, երբ Ալիևը ներում շնորհեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ու լկտի կերպով հերոսացման գործընթաց իրականացվեց Ադրբեջանում, պարզ էր, որ Հայաստանը պատրաստ չէ շարունակել բանակցությունները նման հակահայկական մթնոլորտում: Ավելացան նաև ռազմատենչ հայտարարություններն Ալիևի կողմից, հրադադարի խախտման միջադեպերն ավելի խորացան: Ինձ համար այդքան կարևոր չէ, թե հանդիպման ժամանակ նախագահներն ինչ են քննարկել, ինչ չեն քննարկել: Հանդիպումը կարևորվում է իր փաստով` հանդիպման փաստը մատնանշեց, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Մինսկի խումբն իր աշխատանքներն այս ուղղությամբ կշարունակի, որի խափանմանը, ինչպես նշեցի, ուղղված էր Ադրբեջանի վերջին երկու տարվա գործունեությունը, որ վարկաբեկեն Մինսկի խմբի աշխատանքը: Հարցը նրանում չէ անգամ, թե որքանով են կոմպետենտ մեր բանագնացները, որքանով են ընդունելի սեղանին դրված առաջարկները, որոնց շուրջ մի շարք խնդիրներ կան: Հարցը նրանում է, թե բանակցողները կկարողանա՞ն հասնել նրան, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Բայց հանդիպումն ինքնին կանաչ լույս էր բանակցությունները վերահսկելու համար: Իսկ բանակցային նոր փուլերը կարևոր են ոչ միայն մեզ համար. շահագրգիռ են եվրոպական պարտնյորները, ԱՄՆ-ը, և պատահական չէ, որ նորանշանակ դեսպանը երկու անգամ այցելեց տարածաշրջան, հանդիպման նախօրյակին Ջոն Քերին զանգահարեց Սերժ Սարգսյանին:
– Տեսակետներ կան, որ հանդիպումը միջնորդվեց Ռուսաստանին խեղճացնելու նպատակով, որպեսզի ՌԴ-ն այլևս որպես խաղաքարտ հնարավորություն չունենա օգտագործել Ղարաբաղի հարցը: Այս սցենարը հնարավոր համարո՞ւմ եք:
– Ես այդպիսի կտրուկ արտահայտություններին կողմնակից չեմ: Բայց այս նախաձեռնությունն, իմ դիտարկմամբ՝ կարելի է որակել՝ որպես ամերիկյան դիվանագիտության ակտիվացում մեր տարածաշրջանում, ինչը գալիս է հիշեցնելու, որ բանակցությունները վարում են համանախագող երեք երկրները: Այո, ինչո՞ւ ոչ, սա կարող է պատգամ լինել, որ Ռուսաստանը միայնակ չի կարող հարցի լուծում ակնկալել: Բայց ես չէի որակի, թե խեղճացմանը, նսեմացմանն է միտված:
– Ինչո՞ւ: Ռուսաստանը խեղճացող պետություններից չէ՞:
– Այդ պահն էլ կգա:
– Ասացիք, որ բանակցությունների սառեցվածության հետևանքով լարվածությունը մեծացել էր: Հանդիպումից հետո լարվածությունը կնվազի՞:
– Չէ, լարվածության տարբեր աստիճաններ են լինում: Կարծում եմ` գոնե ռազմատենչ հռետորաբանությունը մի քիչ կնվազի: Հանդիպումը նաև պարտավորվածություն է՝ հարցին տալ խաղաղ հանգուցալուծում: Ի վերջո` չբանակցելու այլընտրանքը պատերազմ է: Բանակցությունները հնարավորություն են տալիս խուսափելու պատերազմից:
– Ձեզ քննադատեցին, որ նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի՝ Անկախ պետությունների համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտի հետ համատեղ նիստում Դուք կողմ քվեարկեցիք ընդունվող համատեղ հայտարարությանը: Ինչո՞ւ էիք կողմ:
– Նախ՝ նրանք, ովքեր քննադատում են, պետք է հասկանան` ինչի՞ մասին է խոսքը: Առաջին անգամ պատմության մեջ երկու պետությունների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովները համատեղ նիստ են անցկացրել, և քննարկվել է, որ կլինի համատեղ հայտարարություն հանձնաժողովի նախագահների կողմից, նրանց ստորագրությամբ` ապագա խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինքնին փաստաթուղթը շատ ընդհանրական է, որևէ բան չի պարունակում:
– Բայց հայտարարության տեքստում ասվում է նաև, որ հայտարարությունը ուղղված է Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրման գործընթացների զարգացման հեռանկարների ամրապնդմանը: Եվ տպավորություն է, որ Դուք կողմ եք քվեարկել այս գաղափարին ևս:
– Դա շատ թերի տպավորություն է. պետք է նայել իմ բոլոր ելույթներին, ոչ թե այդ քվեարկությանը: Ես ինքս գրավոր ներկայացրել եմ իմ առաջարկը, որ հետագայում ընդգրկվի: Ինձ զարմացրել է… քավ լիցի` ինչ ուզում են, թող ստորագրեն: Խոսքը հանձնաժողովների համագործակցության մասին է: Եվ հետո, անընդհատ խոսում են, որ անընդունելի է, որ Սերժ Սարգսյանն առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու՝ գնաց հայտարարություն արեց, իսկ հանձնաժողովներն ասում են, որ փաստաթղթերը, որոնք ՄՄ շրջանակներում պետք է ընդունվեն, պետք է անցնեն խորհրդարանների քննարկմամբ: Սա տրամաբանորեն գալիս է նրան, որ ավելի ճիշտ է տեղյակ լինենք, նախապես պատրաստ լինենք… Հայտարարության տեքստը ստորագրելու հետ կապված չի նախատեսվում, որ քվեարկություն պետք է անցկացվեր: Նախագահներն իրենց անունից են ստորագրում, և քվեարկությունն արհեստական էր, պոպուլիստական: Այո, եղել է ձևակերպում` ընդունել ի գիտություն Մաքսային միությունը, և ես ինքս առաջարկել եմ, որ ընդգրկվի նաև Հայաստան–Եվրամիություն կարևորության մասին ձևակերպում: Ես զարմացած եմ այդ քննադատություններից, որովհետև, ի վերջո, ստորագրել են հանձնաժողովի նախագահները:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ