Կառավարությունը կքննարկի Հայաստանում Ինտերնետ կառավարման ֆորում ունենալու հարցը
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ինտերնետ կառավարման ֆորում (Internet Governance Forum), որը հնարավորություն կտա մեր երկրում մշակել ինտերնետ կառավարման սկզբունքները և ավելի պատշաճ կերպով մասնակցել Ինտերնետ կառավարման միջազգային ֆորումին:
Այսինքն` Հայաստանում ստեղծվելիք Ինտերնետ կառավարման ֆորումը որոշումներ կկայացնի և հետագայում միջազգային ֆորումին կներկայացնի ինտերնետի կառավարման հարցում Հայաստանի տեսակետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ վարչության անդամ Լիանա Գալստյանը, ով հոկտեմբերի 22-25-ը մասնակցել է Բալիում (Ինդոնեզիա) տեղի ունեցած Միջազգային Ինտերնետ կառավարման 8-րդ ֆորումին: Վերջինս ավելացրեց, որ կառավարման ֆորումի ստեղծումը բոլորովին չի նշանակում ինտերնետի վերահսկողություն կամ սահմանափակում, ինչպես, օրինակ, Իրանում է, Չինաստանում կամ արաբական մի շարք երկրներում:
Բանախոսի խոսքով՝ նման ֆորումներ ունեն աշխարհի շատ երկրներ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան, եվրոպական երկրների մեծ մասը, ովքեր տարվա ընթացքում ինտերնետի շուրջ առաջացած հարցերը բարձրացնում են Միջազգային Ինտերնետ կառավարման ֆորումի ժամանակ:
«Կարծում եմ՝ մեր ֆորումը նմանատիպ և նույն ֆորմատի մեջ կլինի: Այն կընդգրկի իր մեջ ինչպես՝ պետական, այնպես էլ՝ մասնավոր և հասարակական հատվածի ներկայացուցիչների տեսակետները»,- ասաց Լ. Գալստյանը` նշելով, որ այդ ամենի արդյունքում կմշակվեն ինտերնետի կառավարման սկզբունքները: Իսկ թե ի՞նչ կտա այս նոր կառույցի ստեղծումն ինտերնետի սովորական օգտվողներին, Լ. Գալստյանն ասաց. «Ինտերնետի տարածումն աշխարհում առաջ է բերում ինտերնետի կառավարման հարցը, քանի որ ստեղծվել է մի նոր իրավիճակ` ինտերնետում հեղինակային իրավունքի հետ կապված հարցերը, և այլն, ուստի անհրաժեշտ է մշակել նոր մոտեցումներ՝ ինտերնետի տարածմանը զուգահեռ, քանի որ այդ խնդիրները շատանում են, և անհրաժեշտ է, որ ինտերնետը վստահելի միջավայր դառնա, իսկ մարդիկ այդ միջավայրում ավելի պաշտպանված լինեն»:
Տեղեկացնենք, որ 2005 թվականից մինչ օրս Միջազգային Ինտերնետ կառավարման 8 համաժողով է տեղի ունեցել, սակայն ինտերնետի կառավարման հարցերի շուրջ մինչ օրս տարբեր երկրներ տարբեր կարծիքներ են արտահայտել, ուստի այս ուղղությամբ վերջնական որոշում դեռևս նախատեսված չէ:
Նշենք, որ Հայաստանում Ինտերնետ կառավարման ֆորում ստեղծելու առաջարկությունը դեռևս նախաձեռնության փուլում է, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից այս առաջարկն ուղարկվել է ՀՀ կառավարություն, որն էլ կորոշի՝ հաստատե՞լ, թե՞ մերժել Հայաստանում Ինտերնետ կառավարման ֆորում ունենալու հարցը:
Լուսինե Մովսիսյան