Գարրի Կասպարովը խնդրել է իրեն շնորհել Լատվիայի քաղաքացիություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը նամակով դիմել է Լատվիայի սեյմին (խորհրդարան)՝ խնդրելով իր հատուկ ծառայությունների համար իրեն տրամադրել այդ երկրի քաղաքացիությունը: Այս մասին հայտարարել է Լատվիայի խորհրդարանի ներկայացուցիչ Այնարս Լատկովսկիսը:
Վերջինիս խոսքերով՝ մոտ ժամանակներս խորհրդարանը կդիտարկի Կասպարովին քաղաքացիություն տրամադրելու հարցը: Նա ընդգծել է, որ Կասպարովը դրա հետ մեկտեղ ցանկանում է պահպանել Ռուսաստանի քաղաքացիությունը: Նամակում Կասպարովը հիշեցրել է, որ 1970-ական թվականներին Լատվիայում հաղթել է շախմատի պատանեկան մրցույթներում:
Կասպարովը կարծում է, որ կարող է էական ներդրում ունենալ Լատվիայում դպրոցականների ու ուսանողների կրթության հարցում, ինչը պետք է տեղի ունենա «Կասպարովի շախմատային հիմնադրամ» ծրագրի շրջանակներում: