Մենք լրջորեն հետազոտելու ենք ԱՄՆ-ի կողմից Ալի Խամենեիին լրտեսելու տեղեկատվությունը. Իրանի ԱԳՆ
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը զբաղվելու է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) կողմից երկրի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին լրտեսելու մասին տեղեկատվության լուրջ հետազոտմամբ: Այս մասին Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզեհ Աֆհամը:
Վերջինս ընդգծել է, որ իրենք տեղեկատվություն են ստացել, որ NSA-ն Խամենեիին լրտեսել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Քրդստան նահանգ ավելի քան 4 տարի առաջ կատարած նրա այցի ժամանակ: Աֆհամը հավելել է, որ Իրանը դատապարտում է կիբեր լրտեսությունը, և որ երկիրը զբաղվելու է գերագույն առաջնորդին լրտեսելու մասին տեղեկատվության ուսումնասիրմամբ միանգամից մի քանի ասպեկտներով, և մասնավորապես քաղաքական:
Նշվում է, որ նոյեմբերի 2-ին ամերիկյան The New York Times պարբերականը հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի համաձայն, NSA-ն 2009 թվականի մայիսին գաղտնալսել է Ալի Խամենեիին, երբ նա պետք է այցելեր Քրդստան նահանգ: Այդ օպերացիան ստացել է «Դրեդնոուտ» անվանումը:
NSA-ն հետազոտել է պատվիրակության կազմը, որը պետք է ուղեկցեր այաթոլլահին, կազմակերպել է պատվիրակության անդամների ավտոմեքենաների լուսանկարում, գրանցել է Խամենեիի այցի ժամանակ ինքնաթիռներից և ուղղաթիռներից կատարված բոլոր խոսակցությունները: